Վանո Սիրադեղյանի «Գառ-ախպերիկ» պատմվածքի հիման վրա նկարահանված «Կաթնեղբայր» ֆիլմը կցուցադրվի այսօր
Երևանի կենդանաբանական այգում մեկնարկում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հաղթող ֆիլմերի ցուցադրությունների շարքը: Այս մասին տեղեկացնում է Երևանի կենդանաբանական այգու հասարակայնության հետ կապերի ղեկավարը։
«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հաղթող ֆիլմերի բացօթյա ցուցադրությունը Երևանի կենդանաբանական այգում իրականացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը: Օգոստոսի 8-ին՝ ժ. 20:30, Երևանի կենդանաբանական այգում տեղի կունենա «Կաթնեղբայր» ֆիլմի ցուցադրությունը:
«Կաթնեղբայրը» Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնի Հայկական համայնապատկեր ծրագրում Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ ճանաչվեց:
Մուտքն ազատ է:
Ֆիլմը պատմում է տասը տարեկան Սեթոյի մասին, որ ընտանիքի հետ ապրում է փոքր գյուղում: Տղան անհամբեր սպասում է եղբոր մոտալուտ ծննդին: Սեթոն սպիտակ թաշկինակներ է կապում ծառի ճյուղերին՝ հավատալով, թե դա կարագացնի մանկան գալուստը: Դժբախտաբար, նորածինը մահանում է:
Փոխարենը մի նորածին գառ է սկսում ապրել ընտանիքում և կերակրվում է Սեթոյի մոր կրծքից:
Ֆիլմի սցենարը գրվել է Վանո Սիրադեղյանի «Գառ-ախպերիկ» պատմվածքի հիման վրա:
Ռեժիսոր՝ Վահրամ Մխիթարյան, սցենարը՝ Վահրամ Մխիթարյանի, Ալեքսանդրա Մայջինսկայի։










