Նա երբեք չէր կշտանում իր խաղացած դերերից. այսօր Ազատ Գասպարյանի ծննդյան օրն է

11:21 • 13.08.14

Այսօր կինոյի և թատրոնի դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի ծննդյան օրն է, նա կդառնար 71 տարեկան:


Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, բնութագրելով Ազատ Գասպարյանին որպես դերասանի, ասաց, որ նա երբեք չէր կշտանում իր դերերից:


«Մեր թատերական մշակույթը որոշակի գույն կորցրեց, որովհետև շատ յուրահատուկ դերասան էր: Ընդ որում, մշակույթի մարդ էր Ազատ Գասպարյանը, իսկապես: Ազատ Գասպարյանը ամեն ինչին արձագանքող մարդ էր, Ազատ Գասպարյանը նաև ուներ մի արտակարգ լավ հատկություն՝ տեսնել ուրիշի արած լավ գործը, գնահատել, ողջունել և ոգևորել: Սա մի հատկություն է, որը արվեստի ասպարեզում մարդիկ այնքան էլ չունեն, բայց նա այդպիսին էր: Նա բաց մարդ էր, հետը շփվել հետաքրքիր էր և հաճելի և մշտապես աշխատանքի մեջ էր: Նա երբեք չէր կշտանում իր խաղացած դերերից: Նա իսկական դերասան լինելով՝ մշտապես ուզում էր նոր դերեր խաղալ»,– ասաց նա:


Ազատ Գասպարյանը, 1969–ին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, այնուհետև խաղացել է Երևանի տիկնիկային ապա ՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոններում, իսկ 1971–ից մինչև իր մահը՝ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնում:


Կինոյում ունի 21 դեր, որոնցից առավել հայտնի են «Մեր մանկության տանգոն», «Որտե՞ղ էիր մարդ Աստծո», «Երջանկության մեխանիկա», «Երկունք», «Հին օրերի երգը»» և այլ ֆիլմերում նրա մարմնավորած կերպարները:


Ազատ Գասպարյանն արժանացել էր Մովսես Խորենացու, Վիլյամ Սարոյանի մեդալների, ՀՀ ժողովրդական արտիստ էր, Երևանի պատվավոր քաղաքացի:

 

 

Նա երբեք չէր կշտանում իր խաղացած դերերից. այսօր Ազատ Գասպարյանի ծննդյան օրն է