Ռոբին Ուիլյամսին կարող էին ինքնասպանության դրդել ֆինանսական խնդիրները. ԶԼՄ-ներ
Մահվանից որոշ ժամանակ առաջ հայտնի ամերիկացի դերասան Ռոբին Ուիլյամսը պատմել է մտերիմ ընկերներին լուրջ ֆինանսական խնդիրների մասին: Այդ մասին երեքշաբթի, վկայակոչելով դերասանի շրջապատին, հայտնել է Radar Online-ը, գրում է ИТАР-ТАСС-ը:
«Ամենն, ինչի մասին նա կարող էր խոսել, լուրջ ֆինանսական խնդիրներն էին: Ռոբինն անտարբեր ու մեկուսացված էր թվում: Բոլորը նրան գիտեին որպես շատ առատաձեռն մարդ՝ և՛ ընկերների, և՛ ընտանիքի համար: Նա պատրաստ էր օգնել յուրաքանչյուրին, ով օգնության կարիք ուներ»,- ասել է նրա ընկերներից մեկը:
Բացի այդ, աղբյուրի տվյալներով, Ուիլյամսը խորը հիասթափություն է ապրել՝ ստիպված լինելով դերեր վերցնել, որոնք չէր ցանկանում խաղալ, սակայն ստիպված է եղել պայմանագրեր կնքել հեռուստաալիքների և կինոստուդիաների հետ ընտանիքի ֆինանսական բարեկեցության համար: Ուիլյամսը, թերթի տեղեկություններով, մեծ ցանկություն չի ունեցել խաղալու «Միսիս Դաութֆայր» ֆիլմի շարունակությունում, որի աշխատանքները պետք է սկսվեին տարեվերջին:
Ինչպես հայտնի է դարձել The Daily Telegraph-ին, 63-ամյա դերասանը, ում կարողությունը ժամանակին գնահատվում էր 126 միլիոն դոլար, բողոքում էր, որ այդ գումարի զգալի մասը նա ստիպված է եղել որպես ալիմենտներ տալ իր երկու նախկին կանանց: Բացի այդ, մահվանից ոչ շատ առաջ Ուիլյամսը փորձել է վաճառել Կալիֆորնիայում գտնվող իր ռանչոն՝ լրացուցիչ միջոցներ ձեռք բերելու համար:
Ria.ru-ի հաղորդմամբ՝ դերասանն իր երեխաներին ժառանգություն է թողել, որը կվճարվի հատվածաբար: Նա իր երեք երեխաների համար նախատեսված ֆոնդը հիմնել էր 2009 թվականին: Թե որքան գումար ունի այդ ֆոնդը, հայտնի չէ:










