Դուետներ Մայքլ Բուբլեի և Էլվիս Փրեսլիի հետ. Բարբրա Սթրեյզանդը նոր ալբոմ կթողարկի
Լեգենդար երգչուհի Բարբրա Սթրեյզանդը նոր ալբոմ կթողարկի, որում տեղ կգտնեն դուետներ հայտնի տղամարդ կատարողների հետ, հայտնում է ABC News-ը:
Մասնավորեցվում է, որ այդ դուետների թվում կլինեն կատարումներ Էլվիս Փրեսլիի և Մայքլ Բուբլեի հետ:
Սթրեյզանդը Բուբլեի հետ կներկայացնի It Had to Be You երգը: Իսկ բուն ալբոմը կունենա Partners անվանումը: Ալբոմի թողարկումը սպասվում է սեպտեմբերի 16-ին: Ընդհանուր առմամբ դրանում տեղ է գտել 12 դուետ, այդ թվում՝ Բիլի Ջոելի, Սթիվի Ուոնդերի, Անդրեա Բոչելիի, Ջոն Լեգենդի և Ջեյսոն Գուդի հետ: Վերջինս Սթրեյզանդի որդին է:
Վերջին անգամ Սթրեյզանդն իր դուետների ալբոմ թողարկել էր 2002-ին: Այն ժամանակ նա հանդես էր եկել հիմնականում կին կատարողների հետ:










