Կազմակերպիչները մտադիր են «Արենի» գինու փառատոնը դարձնել միջազգային

13:36 • 13.08.14

Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և «Արենի» փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանն այսօր կայացած ասուլիսին ներկայացրին հոկտեմբերի 1-ից 5-ը Արենիում կայանալիք 6-րդ գինու փառատոնի մանրամասները՝ հայտնելով, որ փառատոնի պաշտոնական մեկնարկը կտրվի օգոստոսի 17-ին՝ Խաղողօրհնեքի տոնին:


Էդգար Ղազարյանը տեղեկացրեց, որ իրենք մտադրություն ունեն հաջորդ տարվանից արդեն փառատոնը դարձնել միջազգային: «Բացի այն գումարից, որը հատկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը, Վայոց ձորի մարզպետարանը ևս ներդրումներ է կատարում փառատոնի կազմակերպման համար: Ինչ ծավալների գումարներ որ հնարավոր լինի հավաքագրել, այդ ծավալների շրջանակներում էլ կկազմակերպվեն միջոցառումները»,-ասաց նա:


Վերջինս նաև նշեց, որ իրենց գինեգործներն աստիճանաբար ընդլայնում են աշխարհագրությունը, և հիմա մարզում կա տենդենց, որ ձեռք բերվեն հողատարածքներ և հիմնվեն խաղողի այգիներ. «Armenia Wine-ի հետ պայմանավորվածություն ունենք, և իրենք պատրաստակամություն են հայտնել այս տարի մթերել մարզում խաղողի ողջ բերքը: Եվ այժմ մենք խաղողի մթերման խնդիր չունենք»:


Դառնալով տոնին՝ մարզպետն ասաց, որ մշակութային ծրագրեր իրականացնելու ուղղությամբ են այս պահին աշխատում: «Շատ ակտիվ աշխատանքներ ենք իրականացնում համայնքներում, որպեսզի համայնքները ևս մասնակցեն: Հիմնականում դա անում ենք ոչ միայն մեր մարզի բնակիչների համար, այլ հյուրերի: Եվ մենք ակնկալում ենք, որ այդ հինգ օրը մարդիկ կգան և մնան մեզ մոտ»,-ասաց նա և ավելացրեց, որ տարածաշրջանի բոլոր գինեգործները մասնակցում են փառատոնին, բայց իրենք նպատակ ունեն ընդլայնել մասնակիցների թիվը, ինչպես նաև մտադիր են Վայոց ձորում հիմնել նաև գինու համալսարան:

«Արենի» փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը փառատոնը միջազգային դարձնելու մասով նշեց, թե դեռ հինգ ամիս առաջ գիտեին, որ այս տարի լինելու են անգամ Ճապոնիայից հյուրեր:


Ժյուրիի կազմի մասին էլ նա ասաց. «Ժյուրիի կազմում ներկա կլինեն հյուրեր արտասահմանից: Գինեգործական ընկերության գինեգործը չի կարող լինել ժյուրիի կազմում: Եվ որպես ժյուրի, մենք հրավիրում ենք զուտ պրոֆեսիոնալների»:


Նա նաև նշեց, որ փառատոնի անցկացման վերջին երկու տարիները տարբերվում են նրանով, որ օրերի քանակն են ավելացրել: Եվ այս տարի հոկտեմբերի 1-ից 5-ը միջոցառումները կկայանան ամեն օր մարզի մի գյուղում:




 

Կազմակերպիչները մտադիր են «Արենի» գինու փառատոնը դարձնել միջազգային