Բերդ քաղաքում տեղի կունենա Մեղրի և հատապտուղների փառատոնը

13:46 • 14.08.14

Տավուշի մարզի Բերդի քաղաքապետարանը և Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամը օգոստոսի 17-ին կազմակերպում են ամենամյա «Մեղրի և հատապտուղների փառատոնը» Բերդ քաղաքում: Փառատոնը կազմակերպվում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի, «Վերածննդի երիտասարդներ» հիմնադրամի, «Կանաչ արահետ» ՀԿ-ի և «Բերդի կանանց ռեսուրս» ՀԿ–ի հետ համագործակցությամբ:


«Տավուշի Հոգևոր վերածնունդ հիմնադրամի» տնօրեն Հայկ Չոբանյանն այսօր կայացած ասուլիսին հայտնեց, որ «Մեղրի և հատապտուղների փառատոնն» իրականացվում է երրորդ անգամ և համարվում է տարածաշրջանի խոշորագույն միջոցառումը: Նա նշեց, որ փառատոնի նպատակն է նպաստել Տավուշի տնտեսության, ավանդական որոշ արտադրատեսակների զարգացմանը, ինչպես նաև զարկ տալ տուրիզմի զարգացմանը։


«Մենք պետք է ոգևորենք սահմանապահ մարդկանց, որպեսզի նրանք իրենց հաստատակամ զգան Հայաստանի ամենակարևոր վայրերից մեկում, որովհետև, ինչպես ասում են, հայրենիքը սկսում է սահմանից: Առավել կարևոր և անհրաժեշտ է մեծ և բազմաքանակ մասնակցություն ապահովել, որպեսզի սատարենք և գոտեպնդենք սահմանապահ ժողովրդին»,-ասաց նա:


Հայկ Չոբանյանը նշեց, որ միջոցառմանը հրավիրվածների հիմնական մասնակցությունը բարեգործական է, քանի որ սա ոչ թե կոմերցիոն, այլ հայրենասիրական միջոցառում է:

«Վերածննդի երիտասարդներ» հիմնադրամի տնօրեն Մայա Անուշավանյանն էլ ասաց, որ փառատոնին հնչելու է ազգային երգ ու երաժշտություն: «Միջոցառմանը ներգրաված են ազգայնական համույթներ, էստրադային երգիչներ»,-ասաց նա:
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ի» անդամ Արտավազդ Սարուխանյանն ասաց, որ ուրախ է որպես խոհարար ծառայել ժողովրդին: «Տավուշ գնալը պարտադիր է, քանի որ այնտեղի ժողովուրդը մոտ է սահմանին»,-ասաց նա:


Հայկ Չոբանյանը նկատեց, որ արդեն երկրորդ տարին է, ինչ փառատոնի օրը համընկնում է Խաղողօրհնեքի տոնի հետ և եկեղեցում համապատասխան ծես է իրականացվելու: Նա նշեց, որ բացի այն, որ փառատոնին ներկայացվելու է մեղր, հատապտուղներ, նաև՝ արհեստներն ու արվեստները:


Հայկ Չոբանյանը նաև հայտնեց, որ երեխաների համար ևս անակնկալներ է պատրաստվում:

 



 

Բերդ քաղաքում տեղի կունենա Մեղրի և հատապտուղների փառատոնը