Հավասարաչափ լավ եմ վերաբերվում և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի ժողովրդին. Պյեռ Ռիշար
Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Պյեռ Ռիշարը, ով վերջերս շրջագայել է Ռուսաստանում, ցանկություն է հայտնել կրկին հանդես գալ ռուս հանդիսատեսի առաջ։ Այդ մասին դերասանն ասել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում։
2013-ի վերջին դերասանը Ռուսաստան էր բերել իր ինքնակենսագրական մոնոներկայացումը՝ «Պյեռ Ռիշար- 3»։ Նա շրջագայություններ է ունեցել ամբողջ երկրում՝ Մոսկվայից մինչև Վլադիվոստոկ։ «Ինձ թվում է՝ ես ավելի շատ եմ ճանապարհորդել Ռուսաստանում, քան ռուսները։ Յուրաքանչյուր քաղաքում ինձ յուրահատուկ ընդունելություն էր սպասում։ Ես շատ շնորհակալ եմ ռուս հանդիսատեսին, և կցանկանայի կրկին այցելել ներկայացումներով»,- ասել է դերասանը։
Այն հարցին, թե չի պատրաստվում հետևել իր վաղեմի ընկերոջ՝ Ժերար Դեպարդիոյի օրինակին և գնել խաղողի այգիներ Ղրիմում, Ռիշարը պատասխանել է, որ «Ժերարը խաղողի այգիներ է գնում ամբողջ աշխարհում»։ «Ես այլ մոտեցում ունեմ։ Ինձ բավական է իմ տնտեսությունը Ֆրանսիայի հարավում»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ դերասանը նշել է, որ ինքը փորձել է Ղրիմի գինիները, որոնցից մի քանիսը շատ է հավանել։
Մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Ռիշարը նշել է, որ անհանգստացած է անվստահության և տարաձայնությունների ընդհանուր կլիմայով, որը ստեղծվել է Կիևի և Մոսկվայի միջև հարաբերություններում։
«Դա շատ նուրբ հարց է։ Ես չեմ կարող որևէ մեկի կողմը բռնել, քանի որ հավասարաչափ լավ եմ վերաբերվում և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի ժողովրդին։ Երբեմն իմ տնտեսություն այցելում են միաժամանակ ռուս և ուկրաինացի զբոսաշրջիկներ։ Նրանք խոսում են նույն լեզվով, և ոչ մի թշնամանք չկա նրանց միջև։ Բոլոր խնդիրները քաղաքականությունից են»,- ասել է դերասանը։










