Պիեռ Ռիշարն այսօր նշում է 80-ամյակը (լուսանկարներ)

10:43 • 16.08.14

Ֆրանսիացի հանրահայտ դերասան Պիեռ Ռիշարը նշում է հոբելյանը. «բարձրահասակ շիկահերն» այսօր դառնում է 80 տարեկան: Դերասանը ռուսական ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում պատմել է, որ նա պատրաստվում է տարեդարձը նշել ընտանիքի անդամների հետ Ֆրանսիայի հարավում գտնվող իր գինու տնտեսությունում:



«Մեծ հանդիսություն չի լինի: Կլինեն միայն ընտանիքիս անդամներն ու իմ մտերիմ ընկերները՝ ընդամենը 20 մարդ»,- ժպիտով ասել է նա:

 

Պիեռ Ռիշար Մորիս Շառլ Լեոպոլդ Դեֆեն ծնվել է 1934 թվականի օգոստոսի 16-ին:

 

Այսօր դժվար է հավատալ, որ երիտասարդ տարիքում Ռիշարին թատրոնում բաժին են հասել միայն երկրորդ պլանի դերեր: Սկսնակ դերասանը ստիպված է եղել գումար վաստակել կաբարեներում և մյուզիքլ-հոլերում ելույթներ ունենալով:

 

Նա էկրաններին առաջին անգամ հայտնվել է 1958-ին «Մոնպարնասի սիրեկանները» ֆիլմում, որտեղ խաղացել է Անուկ Էմեի հետ:

 

1967-ին ռեժիսոր Իվ Ռոբերը նրան հրավիրել է նկարահանվել «Օրհնված Ալեքսանդրը» ֆիլմում, որից հետո սկսվել է առաջարկների տեղատարափը: Նա նկարահանվել է Ռոբերի մի քանի ֆիլմերում՝ մասնավորապես «Սև կոշիկով բարձրահասակ շիկահերը» և «Բարձրահասակ շիկահերի վերադարձը» կատակերգություններում։ Բայց ճանաչում Ռիշարին բերել է 1976 թվականին Ֆրանսիս Վեբերի (ֆրան. Francis Veber) «Խաղալիքը» ֆիլմում լրագրող Ֆրանսուա Պերենի դերը։ Դրան հաջորդել են Վեբերի ևս մի քանի աշխատանք Ժերար Դեպարդիե հետ, որոնցից հետո թե՛ Պիեռ Ռիշարը և թե՛ Ժերար Դեպարդիեն դարձան հանրահայտ դերասաններ, իսկ կյանքում՝ ընկերներ։ Դրանք են «Ձախողակները», «Հայրիկները» և «Փախստականները»։ Մյուս նշանավոր աշխատանքներից են «Ծակոց հովանոցով», «Վերելակից ձախ», «Ռոբինզոն Կրուզո» և այլն։

 
 

Պիեռ Ռիշարն այսօր նշում է 80-ամյակը (լուսանկարներ)