Բրիտանացի գրող Սալման Ռուշդին արժանացել է Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակի
Դանիայի Օդենսե քաղաքում կայացել է բրիտանացի գրող Սալման Ռուշդիին Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակ հանձնելու արարողությունը։ Օգոստոսի 17-ին նա մրցանակը ստացել է անձամբ կրոնարքայադուստր Մերիի ձեռքից, հայտնում է Deutsche Welle-ն։
Ինչպես նշվում է մրցանակի հիմնադիրների կայքում, Ռուշդին «անկրկնելի հեղինակ է, ով, օգտագործելով գլոբալ ռեալիզմի և հեքիաթային երևակայության խառնուրդը, նկարագրում է մշակութային փոխանակությունների կարևորությունը մեր ժամանակի համար և, այդպիսով, հարստացնում համաշխարհային գրականությունը»։
Հեղինակն, իր հերթին, նշել է, որ իր համար մեծ պատիվ է ստանալ մրցանակ, որը կրում է մեծ հեքիաթասացի անունը։ «Նրա աշխատանքները միշտ էլ հիացրել են ինձ և խթանել իմ սեփական երևակայությունը։ Նա այն հեղինակներից էր, ում մասին ես ամենաշատն էի մտածում, երբ սկսեցի գրել իմ սեփական գրքերը»,- հայտարարել է Ռուշդին։
Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակը հիմնվել է 2007-ին և համարվում է Դանիայի ամենաբարձր գրական մրցանակը։ Մրցանակի դրամական պարգևը մոտ 67.000 եվրո է, շնորհվում է 2 տարին մեկ։ Նախկինում այս մրցանակին արժանացել են Պաուլո Կոելյոն, Ջոան Ռոուլինգը և Իսաբել Ալյենդեն։










