Ցավ եմ զգում, երբ մարդը, ով երգում է՝ «Պիտի գնանք՝ վաղ թե ուշ», վաղ թե ուշ գնում է Հայաստանից. գուսան Հայկազուն
Մերօրյա բազմաթիվ ազգային ազատագրական երգերի հեղինակ գուսան Հայկազունը գտնում է, որ հայ ֆիդայական շարժման ժամանակներից ճանաչված ֆիդայիների մասին երգերը միշտ էլ արդիական են, և քանի դեռ երկիրը պատերազմի մեջ է, քանի դեռ հայրենիքը պետք է պատրաստ լինի պատերազմի, դրան նվիրված բոլոր երգերն արդիական են լինելու:
«Օրինակ՝ «Պիտի գնանք՝ վաղ թե ուշ» երգը այնքան արդիական կլինի, մինչև մենք չհասնենք մեր պապերի երազանքին: Բայց այսօր ցավով եմ նշում, որ այդ երգը կարծես սխալ է ընկալվում մեր ժողովրդի կողմից, ուրախությունների ժամանակ երգում են՝ «Հրով լինի, սրով լինի, պիտի գնանք՝ վաղ թե ուշ», և վաղ թե ուշ Հայաստանից են գնում: Շատ ցավ եմ զգում, որ այն մարդը, ով երգում է՝ «Պիտի գնանք՝ վաղ թե ուշ», հավաքում է իրերը և վաղ թե ուշ գնում Հայաստանից»,-Tert.am-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց նա:
Գուսանը նկատեց, որ անկախ նրանից, թե երիտասարդներն ինչքան են այսօր օտար երգեր լսում, բոլոր նրանք, ովքեր լսում են, ում մատուցվում են ազգային, հայրենասիրական երգեր, բոլորն էլ սիրով են ընդունում:
Հարցին, թե ազգագրական երգի նկատմամբ վերաբերմունքի միտումը դեպի ուր է գնում, գուսան Հայկազունը պատասխանեց. «Ցավալի է, որ այսօր մեր երիտասարդներն իսկապես ընտրում են ցանկացած ազգի երգ, դարձել ենք միջազգային ազգ, միայն թե օտար լինի, ինչ ուզում է՝ թող լինի: Բայց ասեմ, որ վերջին տարիներին զգացվում է դեպի ազգայինին գնալու միտում, ինչը որոշ նվիրյալների մեծ աշխատանքի արդյունքն է: Ես սկսում եմ տեսնել, որ շատ լավ երիտասարդներ ևս ունենք, որոնց մեջ ազգայինն է գերակշռում:Արյան մեջ կա, և ես վստահ եմ, որ այդ ոգին վերականգնվելու է»:
Գուսանը խոսեց նաև այսօր ազգային երգերի ստեղծման մասին՝ ասելով, որ գրելու թեմա այսօր էլ կա: «Ես վաղվանից գնում եմ համերգների, և երգերի մեծ մասը վերջին ժամանակների երգեր են լինելու: Մոտենում ենք Ցեղասպանության 100-ամյա տարելիցին, և նոր երգեր պետք է գրվեն, մեր հեռանկարի, մեր ազատության նոր երգեր: Ես հիմա գրում եմ երգեր, որոնք այսօրվա համար են պետք: Հիմա նոր միասնության մասին երգեր են պետք, նոր իրավիճակ է մեր ժողովրդի համար: Ես նույնիսկ արտասահմանից միասնության մասին նոր երգ գրելու առաջարկ եմ ստացել »:
Գուսան Հայկազունը նաև մտահոգություն հայտնեց երկրի սոցիալական վիճակով պայմանավորված՝ մարդկանց խնդիրների մասին. «Ժողովուրդը խեղճացել է, ժողովուրդը պետք է կամք ունենա: Փոխանակ կանգնեն, պայքարեն, ճակատ տան օլիգարխների դեմ, վատ իշխանությունների դեմ, թողնում են, գնում: Մեր զինվորը կռվի ժամանակ կռվում է թշնամու հարյուրի դեմ, բայց քաղաքացիական կյանքում խեղճանում է ինչ-որ օլիգարխների դեմ: Ազգի ոգին մեռնում է, իսկ մեզ զենք պետք չէ, ոգի է պետք»:










