Ամարասի Գրիգորիս դամբարանի պեղումները փաստում են, որ վաղ քրիստոնեական դամբարաններն ունեցել են նաև արևելյան մուտք. Հ. Պետրոսյան
Արցախում գտնվող Ամարասի Գրիգորիսի դամբարանում իրականացվող հնագիտական պեղումները հայկական վաղ ճարտարապետության մեջ մի նոր ուշագրավ հանգամանք են փաստում՝ հայկական վաղ քրիստոնեական մի շարք դամբարաններ ունեցել են արևելյան մուտք, ինչը գաղափարական ու ծիսական առումով դեռևս մնում է չպատճառաբանված: Tert.am-ի հետ զրույցում խոսելով պեղումների մասին՝ ասաց հնագիտական պեղումներն անցկացնող արշավախմբի ղեկավար, հնագետ Համլետ Պետրոսյանը:
«Մենք գիտենք, որ քրիոստոնեության մեջ ծիսական շարժումը արևմուտքից դեպի արևելք է, և կառույցը արևելքում պետք է ավարտվեր ինչ-որ խորանով կամ սրբազան ինչ-որ մի բանով, ոչ թե մուտք ունենար: Ամարասի դամբարանի պեղումներն սկսելու համար առիթ եղավ այն, որ Տիգրանակերտի երկրորդ նորահայտ եկեղեցու տակ դամբարան հայտնաբերվեց, որի միակ մուտքը արևելքում էր բացվում: Վաղ քրիստոնեական կառույցները որպես կանոն արևելքից մուտք չեն ունենում, արևմուտքից են ունենում: Ամարասի Գրիգորիսի դամբարանը, որը կառուցվել է 5-րդ դարի վերջերին՝ Վաչագան Բարեպաշտի ժամանակ, նույնպես կարծես չպետք է նման մուտք ունենար»,-ասաց նա:
Համլետ Պետրոսյանը նշեց, որ պեղումները գրեթե ավարտին են մոտենում, և արդյունքները գոհացուցիչ են:
«Մեզ հաջողվեց բացել դամբարանի միջանցքի շարունակությունը նաև արևելյան հատվածում, բացել ենք նաև աստիճանները, որոնք իջնում են դեպի դամբարան և աստիճաններից դուրս սրբատաշ մի հարթակ՝ մոտավորապես 3-ը 2-ի վրա, որի պեղումները առաջիկա օրերին կավարտենք: Վաղ քրիստոնեական դամբարաններից ամենաանխաթար վիճակում պահպանվել է հենց Գրիգորիսի դամբարանը: Դամբարանը շատ լավ քանդակներ ունի, սրբազան արմավենիներ կան: Այն հետաքրքիր է նրանով, որ կառույցի կեսը գետնափոր է եղել, կեսը՝ դրսում»,-ասաց նա:
Հնագետն ընդգծեց, որ ընդհանրապես՝ վաղ քրիստոնեական ճարտարապետոթյունը առանձնակի տեղ ունի Արցախում, և այս բացահայտումները շատ կարևոր են հատկապես հայերի էթնամշակութային ամբողջական կերպարի վերստեղծման առումով:











