Ամերիկյան դատարանը վճռել է, որ Շակիրայի Loca երգը խախտում է հեղինակային իրավունքները

10:22 • 21.08.14

Նյու Յորքի դատարանը վճռել է, որ Շակիրայի Loca երգը դոմինիկացի երգիչ Էդուարդ Էդվին Բելո Պոուի, ով ավելի հայտնի է «Էլ Կատա» մականունով, 2007 թվականի երգի փոփոխված տարբերակն է, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Սակայն վերջինս նույնպես այն վերցրել է մեկ այլ դոմինիկացի Ռամոն Արիաս Վասկեսից, ով իր Loca Con Su Tiguere երգը գրել է 1990-ական թվականների սկզբին:

 

Ընդ որում՝ Բելոն, ով մասնակցել է Loca երգի իսպանալեզու տարբերակի ձայնագրությանը, երբեք չի հայտնել, որ իր երգի համար որպես հիմք է վերցրել Արիասի ստեղծագործությունը:


«Կասկածի չի ենթարկվում, որ Շակիրայի երգը հիմնված է Բելոյի տարբերակի վրա: Հետևաբար, քանի որ Բելոն է վերցրել Արիասից, ես գտնում եմ, որ ով էլ լիներ Շակիրայի երգի տարբերակի հեղինակը, նա անուղղակիորեն նաև կրկնօրինակել է Արիասին»,- ասված է դատավորի որոշման մեջ:

 

Դատարանը դեռ պետք է որոշի փոխհատուցումը, որը պետք է վճարվի հայցվորին՝ Mayimba Music ընկերությանը, ում պատկանում են Արիասի երգի իրավունքները:

 

2010 թվականին Loca-ն Լատինական Ամերիկայի երկրներում հիթ-շքերթներում է եղել. այն տարածվել է մի քանի միլիոն օրինակով:


Շակիրայի երգը գոյություն ունի երկու տարբերակով՝ անգլերեն և իսպաներեն, սակայն դատական հայցը ներկայացվել է հենց իսպանալեզու տարբերակի վերաբերյալ:

Ամերիկյան դատարանը վճռել է, որ Շակիրայի Loca երգը խախտում է հեղինակային իրավունքները