Ամբողջ մի վավերագրական ֆիլմ նվիրելու եմ այն ճակատին, որ այդ օրերին հետ է շպրտել Ադրբեջանի դիվերսանտ կոչվածներին. կինոռեժիսոր
Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, որ վավերագրական ֆիլմ նկարելու նպատակով այս օրերին գտնվում էր Արցախում՝ Քարվաճառի դիրքերում, լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց այն տրամադրությունները, որ կան սահմանին:
«Ամբողջ մի վավերագրական ֆիլմ նվիրելու եմ այն ճակատին, որ այդ օրերին հետ է շպրտել Ադրբեջանի դիվերսանտ կոչվածներին: Շատ լավ տրամադրություն է տիրում մեր դիրքերում: Մերոնց տված դասերն ստանալուց հետո թուրքերը լավ խեղճացած են»,-ասաց Արշակ Զաքարյանը. «Մերոնք ասում են՝ միայն թույլ տվեք և նրանց ամբողջ դիրքերը երկու ժամվա ընթացքում կգրավենք»:
Կինոռեժիսորն ասաց նաև, թե դիրքերում այնքան մեծ է ոգևորությունը, որ ինքը յոթնամյա որդուն տարել է, որպեսզի այդ ամենը տեսնի ու զգա:
Այդուհանդերձ, ըստ կինոռեժիսորի, որքան այնտեղ բարձր է տրամադրությունն ու ոգևորությունը, այնքան այստեղ պատմությունը խեղճացված է ներկայացվում:
«Այն, ինչ այդ օրերին ներկայացվում էր մամուլում, մի տեսակ խեղճացված էր ներկայացվում: Բայց մեր հայ տղաները լեռներում արծիվների նման նստած են: Տղաներ կան, որոնք ֆիլմի ռեմբոների նման օրերով անտառներում թափառում են, որպեսզի միամիտ այդտեղ ներթափանցած մարդկանց բռնացնեն: Այդ ամեն ինչը պետք է ճիշտ ներկայացվի»,–ընդգծեց Արշակ Զաքարյանը:
Կինոռեժիսորն ասաց, որ հաճախ է լինում դիրքերում և տեղի ունեցող ամեն ինչը վավերագրում է որպես ռեժիսոր:
«Ուզում եմ, որ երեխաները տեսնեն, սովորեն, թե ինչպես են զինվոր-սպա հարաբերությունները: Մեր երեխաները չպետք է վախենան հայոց բանակից: Մանկապարտեզից պետք է սկսվի այդ դաստիարակությունը: Մեր մայրերից է կախված նաև շատ բան»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ֆիլմին, ապա, ըստ ռեժիսորի, այն ամենայն հավանականությամբ կկոչվի այն զորամասի համարով, որի զինվորները Քարվաճառում պահում են այդ կարևոր դիրքերը։
«Նրանք փոքր խմբերով մեծ խնդիր են լուծում, ինչպես այդ մասին շեշտում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը»,-եզրափակեց Արշակ Զաքարյանը:










