Ռեժիսոր Վիմ Վենդերսը Բեռլինյան կինոփառատոնի պատվավոր մրցանակ կստանա
Գերմանացի ռեժիսոր Վիմ Վենդերսը Բեռլինյան 65-րդ կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակ կստանա՝ կինեմատոգրաֆի զարգացման գործում ներդրման համար, հայտնում է buro247.ru-ն։
Վենդերսը ծնվել է 1945թ. Դյուսելդորֆում։ 1967-ին ընդունվել է Մյունխենի Կինոյի և հեռուստատեսության բարձրագույն դպրոց և արդեն 1970-ին նկարահանել է իր առաջին կարճամետրաժ ֆիլմը։ Վենդերսի ամենամեծ հաջողությունը դառնում է 1975թ. «Կեղծ շարժում» ֆիլմը, որը ստանում է 6 Deutscher Filmpreis կինոմրցանակ։ 1984-ին ռեժիսորը ստանում է «Ոսկե արմավենի» գերմանա-ֆրանսիական «Փարիզ, Տեխաս» ֆիլմի համար։ Իսկ 3 տարի անց թողարկվում է ռեժիսորի ամենահայտնի ֆիլմերից մեկը՝ «Երկինքը Բեռլինի վերևում»։
Այժմ Վենդերսը Եվրոպայի կինոակադեմիայի նախագահն է, Բեռլինի Արվեստների ակադեմիայի անդամ, Սորբոնի պատվավոր դոկտոր։










