Ֆլորիդայի քոլեջներից մեկում առանց գրքերի գրադարան է բացվել (լուսանկարներ)
Ֆլորիդայում երկուշաբթի բացված նոր գրադարանը ներկայանում է արևաշող կամարակերպ տանիքով և ընթերցանության համար նախատեսված հարմարավետ աթոռներով, սակայն` առանց որևէ գրքի:
Ինչպես հայտնում է Business Insider-ը՝ ամբողջապես թվային գրադարանը գտնվում է Ֆլորիդայի Ճարտարագիտական համալսարանի ֆուտուրիստական գմբեթավոր տեսք ունեցող կառույցի կազմում: Կառույցի դիզայնի հեղինակն է իսպանացի ճարտարապետ Սանտյագո Կալատրավան:
Համալսարանի գրադարանների տնօրեն Քեթրին Միլլերի խոսքով՝ 550 ուսանողի համար նախատեսված 135 000 էլեկտրոնային գիրքը հնարավոր է կարդալ պլանշետի կամ դյուրակիր համակարգչի օգնությամբ՝ ըստ ընթերցողի ընտրության:
Առանց գրքերի գրադարանը հազվադեպ հանդիպող երևույթ է ամերիկյան քոլեջներում, սակայն այս նոր միտումը կարող է հաջող ապագա ունենալ: Այստեղ առկա միակ գրասեղանը գրադարանավարների սեղանն է, որտեղ նրանք ուսանողներին կսովորեցնեն օգտվել թվային նյութերից:













