Ռուսական «Կուլտուրա» ալիքի անդրադարձը Շառլ Ազնավուր-կինոդերասանին (տեսանյութ)

13:30 • 26.08.14

Ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքը «Համաշխարհային կինոյի լեգենդները» հաղորդաշարի շրջանակներում անդրադարձել է անվանի ֆրանսահայ երաժիշտ, երգիչ, գրող, դերասան Շառլ Ազնավուրին:

Հաղորդման ընթացքում (տեսանյութի համար սեղմել «հաղորդման» բառի վրա) երկու անգամ է նշվում Ազնավուրի հայկական ծագումը: Նշվում է, որ անունը՝ Շահնուր, պարսկական է և նշանակում է «լուսավոր շահ»: Շեշտադրումը նրա՝ ֆրանսիական մշակույթի կրողը լինելն ու կինոյում նրա ժառանգությունն է:

 

Սակայն նախքան Ազնավուրի կինոգործունեությունը ներկայացնելը, հաղորդումն անդրադառնում է երաժշտության ասպարեզում նրա անցած դժվարին ուղուն՝ ցածր հասակի և ոչ ուժեղ ձայնի պատճառով «անիրացնելի ապրանքի» կարգավիճակից մինչև «վերջին շրջանի երաժշտության մեջ ձայնային ֆենոմենի» համարում:

 

Առանձին ներկայացվում են նաև Ազնավուրի և լեգենդար երգչուհի Էդիտ Պիաֆի հարաբերությունները:

 

Հակառակ բարդ երաժշտական կարիերայի՝ կինոյի ասպարեզում Ազնավուրն ընդունվում է գրեթե անվերապահորեն: Հաղորդման զգալի հատվածն անդրադարձ է Ազնավուրի մասնակցությամբ թերևս ամենահայտնի ֆիլմին՝ Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակեք դաշնակահարի վրա»: Նշվում է, որ պատահական չէ, որ Ազնավուրի մտերիմների թվին են պատկանել լավագույն ֆրանսիացի ռեժիսորները՝ Տրյուֆոն, Կոկտոն և այլք:

 

Կոկտոյի հետ Ազնավուրի համատեղ աշխատանքից՝ «Օրփեոսի կտակից» նշվում է մի հետաքրքրական դրվագ. թե ինչպես է անվանի ռեժիսորը համաձայնել Ազնավուրին նկարահանման հրապարակ թողնել միայն իր ասած երկու տասնյակ ֆիլմերը դիտելուց հետո:

 

Նկատվում է, որ կինոյի համար մեծ բարեբախտություն է, որ Ազնավուրը չի տարվել Հոլիվուդով, չնայած ամերիկյան կինոյում ևս հանդես եկել է:

 

Խոսվում է նաև Ազնավուրի վերջին աշխատանքների՝ Ատոմ Էգոյանի «Արարատի» և «Հայր Գորիոն» հեռուստաֆիլմի մասին:

 

Ազնավուրը մինչ օրս էլ ստանում է սցենարներ, որոնք հիմնականում անգլերեն են: Նա վերադարձնում է դրանք, քանի որ կարծում է՝ լավ դերասան կարելի է լինել միայն, երբ խաղում ես մայրենի լեզվով, տվյալ դեպքում՝ ֆրանսերենով:

 

Հաղորդումն Ազնավուր-կինոդերասանին վերագնահատելու հակիրճ, սակայն դիտարժան հնարավորություն է:

Ռուսական «Կուլտուրա» ալիքի անդրադարձը Շառլ Ազնավուր-կինոդերասանին (տեսանյութ)