Արվեստագետների շերտում հաստիքային արվեստագետների հսկայական զանգված կա, որը երբեք իր տիրոջ դեմ չի խոսի. Վահան Արծրունի

11:30 • 27.08.14

Երգիչ, երգահան Վահան Արծրունին քաղաքական թեժ աշունից սպասելիքներ չունի և գտնում է, որ քառյակը հաջողության հասնելու շանս չունի, որովհետև մեր երկիրը ավտորիտար է, և ոչ թե դեմոկրատական: Անդրադառնալով արվեստագետների դերին, Tert.am-ի հետ զրույցում, նա ասաց, որ արվեստագետների ընդհանուր շերտում հաստիքային արվեստագետների հսկայական քանակ կա, որոնք իրենց գումարները ստանում են պետությունից,և, բնական է, որ այդ զանգվածը, որը մեծամասնություն է, երբեք իր տիրոջ դեմ չի խոսի: «Կոպիտ ասված` նրանք վարձված են, նրանք ստանում են որոշակի գումար, որը նաև ենթադրում է որոշակի լոյալություն այն համակարգի նկատմամբ, որն իրենց կերակրում է»,- ասաց նա և ավելացրեց, որ չնայած դրան` կան նաև անկախ դաշտի ներկայացուցիչներ, որոնք ազգի խիղճն են և այն տարրն են, որ իրապես մտահոգված է երկրի ապագայով, մշակույթով և ընդհանրապես տիրող իրավիճակով։


-Ձեր կարծիքով քաղաքացիական նախաձեռնությունների ներուժն անիմաստ տեղը չի՞ ուղղորդվում, կայացման այլ ձևեր չպե՞տք է լինեն:


-Դա դեմոկրատական ընդհանուր պրոցեսի բաղկացուցիչ մասն է, բայց ուրիշ բան, որ շատ բաներ մեր կյանքում ուղղորդվում եմ: Համամիտ եմ, որ դրա հավանականությունը կա, ճնշումները կան, և բնականաբար այս ամենը ծնում է հասարակության մեջ այն տարաձայնությունը, որոնք առկա են: Հասարակության մի մասը հավատում է այդ շարժմանը, մյուս մասը՝ թերահավատորեն ու անհաղորդ է, մի մասն էլ՝ ժխտողական վերաբերմունք ունի՝ համոզված լինելով, որ սրանք ուղղորդված երևույթներ են:


-Այսինքն՝ քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք սկզբում իշխանությունները ողջունեցին, հնարավո՞ր է, որ ուղղորդվում են հենց իշխանությունների կողմից և արդյոք չե՞ն լրացնում քաղաքական բացը, քանի որ շատերի գնահատմամբ քաղաքական շատ ուժեր արդեն վարկաբեկված են:


-Այս պարագայում ես աշխատում եմ զերծ մնալ դատողություններից, որովհետև և՛ ես, և՛ դուք, հաստատ ինֆորմացիայի պակաս ունենք: Այսինքն` մենք ամբողջ ընդհանուր պատկերը խորությամբ ու բովանդակությամբ չենք իմանում որն է: Այսինքն` շատ հավանական է, որ որոշ գործընթացներ ունեն գաղտնի սեգմենտներ, որը հանրության համար չէ, լրագրողների համար չէ, որևէ մեկի դատողության համար չէ: Ես աշխատում եմ զերծ մնալ այն հարցերից ու ոլորտներից, որոնցից քաջատեղյակ չեմ:


-Քառյակից ի՞նչ սպասելիքներ կան, արդեն ավանդական դարձած թեժ աշուն են խոստանում, հնարավոր է այս աշնանը մի բան փոխվի:


-Նկարագրելով մեր երկրի վիճակը` ես մի անգամ ասել եմ, որ այն ավտորիտար պետություն է, իսկ դա չի ենթադրում որևէ քառյակի, հնգյակի կամ այլ ուժերի ինքնադրսևորումն ու կազմակերպումը: Այսինքն` միտումները կան, շարժումը կա, բայց ինքը չի ինքնադրսևորվում, քանի որ շանս չունի, և համակարգը, որի մեջ ինքը զարգանում է, ոչ թե դեմոկրատական է, այլ՝ ավտորիտար:


-Այսինքն՝ հերթական իմիտացիոն ծրագի՞րն է մեզ մատուցվում։


-Միանշանակ:


-Կարելի՞ է ասել, որ շոու է լինելու և հասարակությունը կրկին հիասթափություն է ապրելու:


-Բոլոր ատրիբուտներով արդեն ապրել է:


-Այդ պարագայում ինչպե՞ս եք գնահատում մտավորականների դերը, չե՞ք կարծում, որ «ցավին անտարբեր, դավին անտեղյակ» վիճակն է հիմա գերիշխում:


-Ես կվիճարկեի այս պարագայում, քանի որ Դուք այս հարցադրումն անելով ձեր առջև պատկերացնում եք մի այլ տեսակի արվեստագետ, իսկ ես որպես` հարցի պատասխանող, հիմնվելու եմ այլ օրինակների վրա: Այսինքն` հենց այն արվեստագետների, որոնց սիրտը ցավում է երկրի համար, որոնք որ իրապես այս երկրի քաղաքացիներ են, և ի զորու են փոխել մշակութային դաշտի ընդհանուր կերպարանքը և ընդհանուր ժողովրդի պատկերացումները:


-Այդ դեպքում այս անտարբերությունը ինչո՞վ է պայմանավորված: Իրենց կողմից ամեն դեպքում որևէ ակտիվություն չկա:


-Ես բացատրում եմ դա հետևյալ կերպ. այս ընդհանուր շերտում կա հաստիքային արվեստագետների հսկայական քանակ, որոնք իրենց գումարները ստանում են պետությունից և բնական է, որ այդ զանգվածը, որը մեծամասնություն է, երբեք իր տիրոջ դեմ չի խոսի: Կոպիտ ասված` նրանք վարձված են, նրանք ստանում են որոշակի գումար, որը նաև ենթադրում է որոշակի լոյալություն այն համակարգի նկատմամբ, որն իրենց կերակրում է։ Բայց, իհարկե, թեև փոքրամասնություն են, բայց կան նաև անկախ դաշտի ներկայացուցիչներ, և հենց այդ զանգվածն այն ազգի խիղճն է և այն տարրն է, որն իրապես մտահոգված է երկրի ապագայով, մշակույթով և ընդհանրապես տիրող իրավիճակով։


- Իսկ նրանց ձայնը չե՞ն լսում, թե՞ լռեցնում են։


-Ո՛չ, չեն լռեցնում, օրինակ ինձ վրա երբեք որևէ մեկը որևէ բան չի գործադրել, այսինքն՝ ես և՛ ֆեյսբուքյան տարածքում, և՛ մասմեդիայի տարածքում ազատ հայտնել եմ իմ կարծիքը։ Ի վերջո, մենք դեմ չենք մեր երկրին, և մեր ասածը, վերջիվերջո, օգուտ է և՛ երկրին, և՛ժողովրդին, և՛ պետականությանը։ Ըստ էության, հենց այդ գիտակցությունը թույլ չի տալիս բանեցնել այն ճնշումները, որոնք օրինակ` կան Ռուսաստանում իրենց մտավորականության վրա։


-Անդրադառնանք բանակին, չե՞ք կարծում, որ սահմանային լարվածության արդյունքում մեր հասարակության մեջ բանակն իր դերն ավելի ամրապնդեց:


-Այո՛, դա նշանակում է, որ այն գիտակցումը բանակի նշանակության, որն ի սկզբանե դրված էր , այսինքն՝ ակունքներում էր մեր ազատ ու անկախ երկրի, այդ գիտակցումն արթնացել է, և մենք սկսել ենք քաջ գիտակցել բանակի նշանակությունը և զինվորի դերակատարումը պետության մեջ։ Սրանով էլ պայմանավորված են և՛ հաղթանակները՝ վերջին շրջանում սահմանի վրա, և՛ դիվանագիտական մակարդակում։


-Արցախյան ազատամարտի վերաբերյալ գրականության պակաս չկա՞, և եթե այո, ըստ Ձեզ, դա ինչով է պայմանավորված:


- Իհարկե, միանշանակ, պետք է լինի պետական պատվեր, որովհետև դա պետական գործ է և այս գործընթացին պետք է միանան լավագույն, առավել տաղանդաշատ ուժերը։ Պատմությունը պետք է արձանագրվի, և պատմությունը պետք է այդկերպ կենդանի դարձնել նաև կրթական համակարգերում և առհասարակ:


- Մշակութային քաղաքականությունը ինչպե՞ս եք գնահատում։


-Սա մի առանձին հարցազրույցի թեմա է, բացասական եմ գնահատում և համարում եմ, որ չի արվում նույնիսկ 10 %-ն այն ամենի, որը որ թույլ է տալիս մեր ստեղծագործական ռեսուրսը երկրի ներսում։


-Իսկ դա ինչի՞ հետևանք է, հենց նախարարի մշակութային քաղաքականությա՞ն, թե՞ ավելի բարձր օղակների:


- Սա համակարգային խնդիր է, իսկ յուրաքանչյուր համակարգային խնդիր հիմնվում է օրենսդրական փաթեթների վրա, որը որ գոյություն չունի մշակույթի և արվեստի ոլորտում, այստեղ է թաղված շան գլուխը։


-Իսկ այս վիճակից դուրս գալու ելքը ո՞րն եք համարում, եթե հույսեր չեք կապում քաղաքական ուժերի կամ քաղաքացիական նախաձեռնությունների հետ:


-Միշտ ելքը տալիս է ազգը։ Առավել ռացիոնալը և առողջը ծնվում է ոչ թե իմ և Ձեր ուղեղում, այլ այդ որակը ծնում է ազգը, և մենք դրա ականատեսը եղել ենք 20 տարի առաջ, ապրել ենք այդ էտապները։ Մենք ծնել ենք մեր մեջ այնպիսի զինվորի մի որակ, որը ոչ միայն սահմանն է պահել, այլ ընդլայնել է սահմանը երկրի։ Ես դրա ականատեսն եմ եղել, այդ պրոցեսի մասնակիցն եմ եղել, և դա իմ հավատքի և լավատեսության հիմքն է ։


-Իսկ հիմա պահանջը չկա՞, թե՞ պահը չի հասունացել։


- Պարզապես պահը չի հասունացել, բայց ես սպասում եմ։

 

 

Արվեստագետների շերտում հաստիքային արվեստագետների հսկայական զանգված կա, որը երբեք իր տիրոջ դեմ չի խոսի. Վահան Արծրունի