Ջորջիո Արմանին իր ֆիլմը կներկայացնի Տորոնտոյի կինոփառատոնում
Իտալացի դիզայներ Ջորջիո Արմանին ընդլայնում է իր ազդեցությունը կինոյի ոլորտում. այժմ նա ոչ միայն ֆիլմերի հերոսների և դերասանների հագուստներ է ստեղծում պրեմիերաների և կարմիր գորգերի համար, այլև հովանավորում է միջազգային կինոփառատոներ, հայտնում է buro247.ru-ն։
Նրա հովանու ներքո սեպտեմբերին կանցկացվի Տորոնտոյի կինոփառատոնը, որտեղ էլ կկայանա Արմանիի Films of City Frames նախագծի պրեմիերան։
Տորոնտոյի կինոփառատոնը կսկսվի սեպտեմբերի 4-ին և կտևի 10 օր։ Ծրագրում ներառված է ավելի քան 300 ֆիլմ 60 տարբեր երկրների մասնակիցներից։ Նրանց թվում կլինեն նաև կարճամետրաժ ֆիլմեր, որոնք նկարահանել են կինոդպրոցների ուսանողներն Արմանիի Films of City Frames կինոնախագծի համար։
Երիտասարդ ռեժիսորներ՝ աշխարհի տարբեր երկրների կինոդպրոցների աշակերտներ (Նյու Յորք, Կալիֆոռնիա, Լոնդոն, Հռոմ, Փարիզ և Հոնկոնգ), ֆիլմեր են նկարահանել ժամանակակից մեգապոլիսների կյանքի մասին։ Արդյունքում նրանց բոլորի ֆիլմերը միավորել են մեկ ֆիլմում՝ Films of City Frames, որի պրեմիերան կկայանա սեպտեմբերի 6-ին Տորոնտոյում։










