Ասանժը, Սնոուդենը և Մենինգը՝ խոսքի ազատության և համարձակության հուշարձանի հերոսներ

16:51 • 06.11.14

Իտալացի քանդակագործ Դավիդ Դորմինոն աշխատում է խոսքի ազատության և համարձակության հուշարձանի վրա։ Այն իրենից կներկայացնի 3 բրոնզե կերպար՝ Ջուլիան Ասանժ, Չելսի Մենինգ և Էդվարդ Սնոուդեն, ովքեր կանգնած են 3 աթոռների վրա։ Չորրորդ աթոռն ազատ է մնում, և նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ասելիք ունեն, գրում է Russia Today-ը։

 

Ասանժի, Սնոուդենի և Մենինգի կերպարները կմարմնավորեն համարձակությունը, որով այս երեք անձնավորություններն աշխարհին հայտնեցին ճշմարտությունը։

 

Հուշարձանը երկրից երկիր կտեղափոխվի, և յուրաքանչյուրին արտահայտվելու հնարավորություն կտա։ «Շնորհիվ Ասանժի, Սնոուդենի և Մենինգի՝ դուք գիտեք ազատության սահմանները։ Դուք գիտեք, թե ինչու են լրտեսում ձեզ յուրաքանչյուր վայրկյան։ Դուք գիտեք, որ կառավարությունները սպանում և ճնշում են իրենց թշնամիներին»,- ասել է քանդակագործը։

 

Ներկայում Դորմինոն հայտարարել է միջոցներ հավաքելու մասին։ Նա մտադիր է հավաքել 100.000 ֆունտ ստեռլինգ՝ինչպես հուշարձանի ստեղծման, այնպես էլ աշխարհում տեղափոխելու համար։ 

 

Սնոուդենն ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից է, ով գաղտնի տեղեկություններ է հաղորդել հատուկ ծառայությունների ապօրինի գործունեության մասին։ Ասանժը սկանդալային «Վիկիլիքս» կայքի հիմնադիրն է, իսկ Մենինգը մեծ թվով գաղտնի նյութեր է փոխանցել «Վիկիլիքսին»՝ դրանք հրապարակելու նպատակով։  

Ասանժը, Սնոուդենը և Մենինգը՝ խոսքի ազատության և համարձակության հուշարձանի հերոսներ