Գերմանիայում վաճառում են Հիտլերի հեղինակած կտավը
Գերմանական Նյուրնբերգ քաղաքում կվաճառեն Ադոլֆ Հիտլերի՝ ջրաներկով արված նկարը, հայտնում է Deutsche Welle-ն։
«ՔԿԱԳ Մյունխենում» (Standesamt München - քաղաքացիական կացության ակտերի գրանցում) անվանումով խոշոր կտավը վաճառքի կհանվի նոյեմբերի 22-ին։ Weidler աճուրդի տունը հայտնել է, որ կտավը վաճառում են 2 քույրեր Գեսեն շրջանից։
Աճուրդի տան տվյալներով՝ ապագա նացիստ բռնապետը կտավը նկարել է 1914-ին կամ 1915-ին։ 1916-ին Մյունխենի պատկերասրահներից մեկից այն գնել է քույրերի պապը։
Նյուրնբերգի Weidler աճուրդի տունն արդեն բազմիցս վաճառել է Հիտլերի կտավները։ Գերմանիայում արգելված է նրա աշխատանքների տարածումը միայն այն դեպքում, եթե նրանցում պատկերված են նացիստական խորհրդանիշներ, օրինակ՝ սվաստիկա։
Հիտլերը երիտասարդության տարիներին երազել է դառնալ նկարիչ, սակայն մերժվել է Վիեննայի արվեստների ակադեմիայի կողմից։ Նկարել է հիմնականում բնապատկերներ և բացիկներ։










