Օլիվեր Սթոունը ցանկանում է Պուտինի մասին ֆիլմ նկարահանել
Հոլիվուդյան ռեժիսոր Օլիվեր Սթոունը, ով այժմ գտնվում է Մոսկվայում, նշել է, որ կցանկանար ֆիլմ նկարահանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին։ Նրա խոսքով՝ ինքը մտադիր է ստեղծել ոչ թե գեղարվեստական, այլ վավերագրական ֆիլմ, փոխանցում է Лента-ն։
«Ես կցանկանայի նրանից հարցազրույց վերցնել, որպեսզի ցույց տայի այն տեսակետը, որն ամերիկացիները ցանկանում են լսել։ Ես կցանկանայի նրա մասին վավերագրական ֆիլմ նկարահանել»,- նշել է Սթոունը։
Կրեմլում հայտնել են, որ ռեժիսորն իր ցանկությունը հայտնել է նախագահին։ Նոյեմբերի 4-ին նրանք հանդիպել են թատրոնում՝ ռուս գրող, ռեժիսոր և դերասան Վասիլի Շուկշինի հիշատակին նվիրված երեկոյի ընթացքում։ «Մեզ հայտնի է Սթոունի՝ ֆիլմ նկարահանելու ցանկությունը»,- նշել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Օլիվեր Սթոունը ժամանել է Մոսկվա, որպեսզի վերջնականապես հաստատի ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի մասին իր ֆիլմի սցենարը։ Նկարահանումները նախատեսված են 2015-ին։










