Լոնդոնում կբացվի Էլվիս Փրեսլիին նվիրված ամենախոշոր ցուցադրությունը

10:57 • 07.11.14

Մեծ Բրիտանիայում դեկտեմբերի 12-ին կբացվի Եվրոպայում Էլվիս Փրեսլիին նվիրված ամենախոշոր ցուցադրությունը: Ցուցահանդեսի համար ԱՄՆ-ից կբերվեն «ռոք-ն-ռոլի արքայի» հայտնի վարդագույն Cadillac-ը, ադամանդով մատանին և բեմական հագուստները, գրում է korrespondent.net-ը:

 

Ցուցահանդեսի տոմսերի վաճառքը կսկսվի այսօրվանից՝ նոյեմբերի 7-ից: Ցուցահանդեսի կազմակերպիչները 300-ից ավելի ցուցանմուշ կբերեն Գրեյսլենդում թանգարան-արխիվից, որտեղ ապրել է աշխարհահռչակ ամերիկացի երգիչը: Դրանց թվում են՝ ավտոմեքենաներ, բեմական հագուստներ, կիթառներ, լուսանկարներ, Փրեսլիի անձնական իրերը:

 

Ամենահայտնի ցուցանմուշներից մեկը 1955 թվականի հայտնի Cadillac Fleetwood-ն է, կարմիր MG Roadster-ը՝ Փրեսլիի մասնակցությամբ «Կապույտ Հավային» ֆիլմից, Փրեսլիի խորհրդանշան հանդիսացող TCB տառերի ձևով ադամանդե մատանին, Գրեյսլենդի կալվածքի բանալիները, ինչպես նաև դրամապանակը 2-ամյա դստեր՝ Լիզա Մարիայի լուսանկարով:

 

Ցուցահանդեսը կանցկացվի հայտնի լոնդոնյան O2 ցուցասրահում և կշարունակվի մինչև 2015 թվականի օգոստոսի 31-ը:

 

Լոնդոնում կբացվի Էլվիս Փրեսլիին նվիրված ամենախոշոր ցուցադրությունը