Պիկասոյի նկարները հայտնաբերվել են Վաշինգտոնի բանկերից մեկում

08:22 • 07.11.14

ԱՄՆ Վաշինգտոն նահանգի պետական հարկերի վարչությունը բանկային դարակներից մեկում հայտնաբերել է շականակագույն կազմով նոթատետր՝ էսքիզներով, որոնց հեղինակը նկարիչ Պաբլո Պիկասոն է։ Հայտնաբերված նոթատետրը վաճառքի է հանվել աճուրդում, գրում է The New York Times-ը։


Նոթատետրում կա մերկ կանանց մոտ 30 էսքիզ, որոնք արվել են ջրաներկով, մոխիրով և մատիտով։ Որոշ էսքիզների տակ դրված է նկարչի ստորագրությունը, իսկ նրանցից մեկում նշված է նաև ամսաթիվը՝ «Փարիզ, 1912թ. մարտի 12, Պիկասո»։


Նկարները հայտնաբերվել են դեռևս 2009-ին, երբ երկար ժամանակ չգործածվող բանկային դարակը փոխանցվել է վարչությանը։ Սակայն, ըստ օրենքի, նկարները թույլատրվում էր վաճառել աճուրդում միայն 5 տարի անց։ Այդ ժամանակահատվածում կարող էր հայտնաբերվել նկարների տերը։


«Կարելի է պատկերացնել, թե ինչպես է 100 տարի առաջ Պաբլո Պիկասոն արել այդ էսքիզները։ Այս տետրը եզակի է, սա նրա անձնական իրն է։ Հավանաբար, այս նկարներով նա փորձել է զարգացնել իր վարպետությունը»,- նշել է «Մերֆի» աճուրդի տան ներկայացուցիչը։


Նոթատետրը վաճառքի կհանվի նոյեմբերի 19-ին և 20-ին։ Նախնական արժեքը չի նշվում։


 

Պիկասոյի նկարները հայտնաբերվել են Վաշինգտոնի բանկերից մեկում