Երկրում դեռ ընկալում չկա, որ ազգային խոհանոցը մշակույթի անքակտելի մասն է. Սեդրակ Մամուլյան
Միջազգային փառատոներին հայ խոհարարները մասնակցում են սեփական միջոցներով, պետական աջակցություն չկա: Երկրում դեռ ընկալում չկա, որ ազգային խոհանոցը մշակույթի անքակտելի մասն է: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը:
«Պետական աջակցություն ոչ միայն արտասահմանում մեր խոհանոցը ներկայացնելու մասով չի լինում, այլ նաև չենք էլ սպասում այդպիսի իրադարձության: Մենք կապեր ունենք և աշխարհում յուրաքանչյուր խոհարարական անցուդարձի մասին տեղյակ ենք: Ֆինանսական մասով չենք ուզում դիմել, որովհետև մի քանի անգամ դիմելուց հետո հասկացել ենք, որ դեռ չկա ընկալում, թե ազգային խոհանոցը մեր մշակույթի անքակտելի մասն է»,- ասաց նա:
Հարցին, թե խոհարարական միջազգային փառատոններին Հայաստանի մասնակցությունն ի՞նչ մակարդակի վրա է, Սեդրակ Մամուլյանը պատասխանեց, թե միջազգային ասվածը մի քիչ տարօրինակ է, քանի որ Հայաստանում անցկացվող փառատոներն էլ են միջազգային:
«Եթե մենք ներգրավվենք դրսից մարդկանց, ապա դրանք միջազգային կհամարվեն, ինչպես օրինակ խորովածի փառատոնն է»,-ասաց Սեդրակ Մամուլյանը։
«Իսկ ինչ վերաբերում է նրան, թե մենք ինչպես պետք է մասնակցենք, ապա այդ ուղղությամբ, բնականաբար, աշխատանքներ տարվում են: Մարդկային ռեսուրսները բավարարում են, բայց մեր կազմակերպության հատկապես ֆինանսական ռեսուրսները չեն բավարարում. այդ ուղղությամբ աշխատում ենք»,– ավելացրեց նա:










