Պաբլո Էսկոբարի որդին պատմել է, որ հայտնի նարկոբարոնն ինքնասպան է եղել
Կոլումբացի հայտնի նարկոբարոն Պաբլո Էսկոբարի որդին նոր փաստեր է բացահայտել իր հոր մահվան մասին։ Նա հրապարակել է գիրք, որում հաստատում է, որ հայրն ինքնասպան է եղել, գրում է Вести-ն։
1980-ականներին Էսկոբարը եղել է մոլորակի ամենահարուստ և ԱՄՆ-ում ամենաշատ փնտրվող թմրավաճառներից մեկը։ Նա տոննաներով կոկային է մատակարարել ԱՄՆ։ Համաձայն պաշտոնական վարկածի՝ 1993-ին Կոլումբիայի ոստիկանության էլիտար ստորաբաժանումները չեզոքացնում են նարկոբարոնին և վերջ դնում կոկայինի կարտելի գոյությանը։
Սակայն Էսկոբարի որդին՝ Խուան Պաբլոն, հերքում է այդ տեղեկությունը։ Իր գրքում նա նկարագրում է, որ իր հայրը, տեսնելով, որ շրջափակված է, ինքնասպան է լինում։ Պաբլոն վստահեցնում է, որ իր նպատակը հորը ներկայացնելը չէ։
«Մեր համար կարևոր է պատմել պատմությունը, հասկանալ այն։ Ես կարողացել եմ ջնջել զգացմունքները, որպեսզի նկարագրեմ, թե ինչպիսին է եղել իմ հայրը»,- նշել է Խուանը։
Նա պատմել է, որ Էսկոբարն առանց վախի և բացահայտ թմրանյութ է մատակարարել ԱՄՆ՝ օգտվելով թմրանյութերի դեմ պայքարի ամերիկյան վարչության գործակալների կաշառակերությունից։
Էսկոբարը սպանել է մոտ 10.000 մարդ, այդ թվում Կոլումբիայի արդարադատության նախարարին։ Նա նաև պատասխանատու է մի շարք ահաբեկչությունների համար։ Հայտնի է նաև, որ Էսկոբարը, իր երեխաների հետ բարձրադիր լեռնային շրջանում թաքնվելիս, այրել է մոտ 2 մլն դոլար՝ փորձելով ջերմացնել դստերը։










