Ստամբուլի աչքը, սիրտն ու հումորը...Արա Գյուլերի հարցազրույցն Ermenihaber-ին

17:44 • 10.11.14

Արա Գյուլերն աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող է։ Հաճախ նրան դիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով։ Ծնվել է Ստամբուլ քաղաքում, հայկական ընտանիքում։

 

Ermenihaber կայքում հրապարակվել է զրույց շուրջ 2 մլն լուսանկարների հեղինակ Արա Գյուլերի հետ, որտեղ վերջինս պատմում է իր ստեղծագործությունների, սերերի,  սիրած քաղաքի ու հայրենիքի մասին:

 

Խոսելով իր համար ամենակարևոր աշխատանքի մասին՝ լուսանկարիչն ասել է. «Ամենն էլ ինձ համար կարևոր են, չոփչի նկարն է կարևոր (չոփչի - թրք. աղբահավաք): Ինձ համար մարդիկ են կարևոր: Ես մարդոց նկարները կքաշեմ, ես սինարի, (scenery – անգլ. տեսարան) չեմ քաշեր:  Եթե նույնիսկ տեսարան կա,  տեսարանին մեջ մարդուն ներկայությունը կա: Ամեն բան մարդոց համար շինված է, ամբողջ օդանավները մարդոց համար շինված են, կերակուրներն ամբողջ մարդոց համար կշինվի, տները, պատերը… (լռում է) Պատը վատ բան է: Պատը մարդկության սխալներեն մեկն է.. Պատը վտանգավոր բան մըն է, (լռում է) պատը կբաժնե, մարդիկները կբաժնե»,-ասել է Գյուլերը:

 

Իր ծննդավայր Ստամբուլի մասին խոսելիս Գյուլերն ասել է, թե այն իր տունն է, և Ստամբուլ ասելիս իր աչքի առաջ պատկերվում են տունը, ընկերները, սիրած կինը:

 

«Ես միշտ եմ սիրահարված: Ես կըրնամ ծառին ալ սիրահարվել, գույնին ալ, փողոցին ալ, լույսի շողին ալ: Աշխարհում կարևոր բան մը՝ կա, սեր կա: Մարդ չգիտե՝ երբ պիտի սիրահարվե, երբ սիրե: Կյանքը պատահականություն մըն է: Աշխարհիս մեջ մեծ ու իսկական սեր կա, կհավատա՞ս»,-ասել է նա՝ պատասխանելով իր առաջին սիրո մասին հարցին:

 

Արա Գյուլերը պատմել է նաև Հայաստան իր այցելությունների, Հայաստանում լուսանկարած եկեղեցիների և հայտնի մարդկանց նկարելու մասին. «Արամ Խաչատրյանին հետ ռեպորտաժ ընելը շատ դժվար էր: Մարդը հայերեն անգամ չիդե: Ես ալ Գրողների միություն գացած էի անոր նկարելու համար: Լույսերը միացնել ուզեցա, սխալ բան մը ըրեցա ողջ շենքին լույսերը հանգեցավ (ծիծաղում է)»,-հիշել է արվեստագետը:

 

Իսկ հայրենիքը պոլսահայ արվեստագետն այսպես է բնորոշել. «Հայրենիքը... ես այստեղ ծնած եմ, մարդ իր ծնած տեղը կուզե մեռնել, գիտես: Բան մըն էլ կա. տես ես փողոցով կը քայլեմ, պատուհանեն գեղեցիկ աղջիկ մը նայեցավ, ես սիրահարվեցա, ադ աղջիկը իմ հայրենիքս է»:

Ստամբուլի աչքը, սիրտն ու հումորը...Արա Գյուլերի հարցազրույցն Ermenihaber-ին