Հայկական լուսանկարչությունը 19-րդ դարի Օսմանյան կայսրությունում. հետազոտություն՝ լուսանկարներով

15:59 • 10.11.14

Արվեստի ամենահարուստ ինստիտուտի՝ ամերիկյան Գեթի հիմնադրամի գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող Ջուլիա Գրայմսը ներկայացրել է լուսանկարների զարմանահրաշ ընտրանի, հայտնում է Public Domain Review-ն:

 

Լուսանկարները Պիեռ դը Ժիգորի հավաքածուից են: Հեղինակներն են հայազգի լուսանկարիչներ Պասկալ Սեբահը և Աբդուլլահ Ֆրերեն:

 

Դրանցում ներկայացված է հայերի կյանքը 19-րդ դարի Կ.Պոլսում և Օսմանյան կայսրության այլ քաղաքներում: Լուսանկարներում կրոնական առաջնորդներ են, հայ ընտանիքներ կամ անհատներ՝ ազգային հանդերձներով:

Հայոց պատրիարքը, մոտ 1880-ին

Հայկական ընտանիք, մոտ 1880-ին

Հայ տղամարդիկ՝ վանդականախշ պիջակներով, 1883

Գլխավոր մուտքը Պերա թաղամաս, 1870

Անդրադարձում նշվում է, որ հայերը, որ որպես դեղագործներ, քիմիկոսներ ու ոսկերիչներ էին աշխատում, ունեին բոլոր հմտություններն ավանդական լուսանկարչության ոլորտում աշխատելու համար: Նախանցած դարում Ստամբուլում մի շարք կարևոր լուսանկարչական ստուդիաների տերերը հայերն էին: Պասկալ Սեբահն իր ստուդիան բացել էր 1857-ին և այնպիսի վարպետություն ցուցաբերել իր էլեգանտ դիմանկարներում, որ Կահիրեում նույն ստուդիայի մասնաճյուղը բացելու անհրաժեշտություն էր առաջացել:

 

Նրա անունը դարձել էր ստուդիական լուսանկարչության հոմանիշ: Հետագայում նրա ստուդիայի «հաճախորդների» թվում էր հայտնվել անգամ Գերմանիայի տիրակալ Վիլհելմ Երկրորդը:

Հայ տղամարդիկ, 1875

Հայ հարսը, 1873

Բրուսեի հայկական թաղամասը

Աբդուլլահ Ֆրերի ստուդիայի մասին ասվում է, որ հիմնադրվել է 1857-ին երեք հայ եղբայրների կողմից, և այնքան հայտնի է դարձել, որ տերերը հռչակվել են սուլթանի պալատական լուսանկարիչ: Հետագայում Եգիպտոսի խեդիվը՝ փոխարքան, անձամբ խնդրել է մի մասնաճյուղ էլ Կահիրեում բացել: Հայտնի եղբայրների մոտ լուսանկարվել են նաև Ուելսի արքայազնը և Ֆրանսիայի կայսրուհին:

Գալաթայի կամուրջը, 1884

Փողոցում աշխատողներ, հայկական արխիվից 1884

Բրիգադ, 1880

Այս հրապարակման հեղինակ Գրայմսն ընդգծում է, որ սա ընդամենը մի պատառիկ է, որ ներկայացնում է հայերի ներգրավվածությունը լուսանկարչության մեջ: Եղել են նաև տասնյակ այլ վարպետներ, ովքեր աշխատել են Ասիայում և Եվրոպայում: Հեղինակը հույս է հայտնում, որ այս հրապարակումը հետազոտողներին կմղի ուսումնասիրել նաև նրանց ժառանգությունը, որ մինչ օրս անհայտ է մնում:

 

 

 

Հայկական լուսանկարչությունը 19-րդ դարի Օսմանյան կայսրությունում. հետազոտություն՝ լուսանկարներով