Գոռ Վարդանյանի «Ստվերները դրախտում» ֆիլմը ամբողջ աշխարհին կպատմի հայ ընտանիքի մասին. պրեմիերան՝ նոյեմբերի 14-ին
WDF Docando ֆեդերացիայի նախագահ, կինոռեժիսոր ու պրոդյուսեր Գոռ Վարդանյանը ԱՄՆ-ում նկարահանել է իր հերթական ֆիլմը, որը կոչվում է «Ստվերները դրախտում»: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կինոռեժիսորը, ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Երևանում՝ նոյեմբերի 14-ին: Գոռ Վարդանյանն ընդգծեց, որ ֆիլմը էմիգրանտների կյանքի մասին է, հիմնականում այն մարդկանց, ովքեր տեղափոխվել են ԱՄՆ ԽՍՀՄ փլուզումից հետո:
«Այս ֆիլմը, ինչպես նախորդները, հիմնված չէ կարատեի վրա, սա ավելի շատ դրամա է, որը ինձ համար նոր ոճ է և՛ որպես դերասան, և՛ որպես ռեժիսոր: Ես հույս ունեմ, որ ամբողջ աշխարհը իր տպավորությունը կփոխի ոչ միայն էմիգրանտների մասին, այլ նաև հայ ընտանիքի հետ կծանոթանա»,-ասաց նա:
Հարցին, թե որքան գումար է ծախսվել ֆիլմի արտադրության վրա, ռեժիսորը պատասխանեց, որ ամերիկյան չափանիշներով ֆիլմը համարվում է միջին դասի, սակայն թիվ այդպես էլ չնշեց՝ ընդգծելով, որ իրականում ֆինանսը կապ չունի ֆիլմի որակի հետ:
«Կարելի է մեծ գումարներով անիմաստ ֆիլմ նկարել ու քիչ գումարով որակյալ արտադրանք տալ: Ֆիլմը ինքը պատմում է, որ իրականում այդ ֆինանսները մարդուն երջանկություն չեն բերում, այդ հարուստ մեքենաների հետևում բազմաթիվ խնդիրներ են առկա, ֆիլմի հերոսը կուզենար այդ գումարները չունենալ, բայց փոխարենը ունենալ այն, ինչ կորցրել է»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե ներկայումս հեռուստաէկրանները ողողված են բռնություններ պարունակող տեսարաններով և նույն Գոռ Վարդանյանի նախկին 7 ֆիլմերը ևս պարունակել են նման տեսարաններ, «Դժոխքի ստվերները» և՞ս զերծ չի մնացել նման տեսարաններից, նա պատասխանեց. «Այնքան էլ չկան բռնությունների տեսարաններ, մասամբ ֆիլմը անցնում է բռնություններ պարունակող տեսարանների վրայով»:
Անդրադառնալով իր դերին՝ դերասանը հավելեց. «Պարտադիր չէ, որ ես սիրային տեսարաններում խաղամ, որովհետև ամեն մարդ իր ոճն ունի: Շատ դերասաններ ունենք, թող իրենք սիրային դերեր խաղան, որովհետև իրենք ավելի սիրուն են այդ դերերում»։










