Անդրեն Ստամբուլում տեսահոլովակ է նկարում. CNNTurk-ի անդրադարձը հայ երգչի գործունեությանը(տեսանյութ)
Հայ հայտնի երգիչ Անդրեն Ստամբուլում է: Նա պոլսահայ երգչուհի Սիբիլի հետ տեսահոլովակ է նկարահանում:
CNNTurk-ն անդրադարձել է Անդրեի գործունեությանն ու նոր տեսահոլովակին:
«Սեր» անվանմամբ հայերեն երգի տեսահոլովակը նկարվում է Ստամբուլի հին գործարաններից մեկում: Թուրք ռեժիսոր Օզքան Աքսուլարի նկարահանած տեսահոլովակում Անդրեն մարմնավորում է ջուրը, իսկ Սիբիլը՝ կրակը:
Թուրքական հեռուստաընկերության կայքը, անդրադառնալով Անդրեի գործունեությանը, նրան բնութագրել է որպես «Հայաստանի Տարկան» (թուրք սիրված և ճանաչված երգիչ Տարկանին նկատի ունի-Tert.am) և նշել, որ սա նրա առաջին այցը չէ Թուրքիա:
«Ավելի վաղ Անդրեն Ստամբուլում համերգով է հանդես եկել, Թուրքիայում նրան սիրողները շատ են: 2006թ.-ին Անդրեն Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ» երգի մրցույթին և Թուրքիայից բարձր գնահատական ստացել».- հիշեցնում է կայքը:
Տեսահոլովակը պատրաստ կլինի նոյեմբերի վերջին: Ակնկալվում է, որ այն կցուցադրվի թե՛ Հայաստանում, թե՛ Թուրքիայում:










