Ցեղասպանության գործով միջազգային դատարան դիմելու հիմքերը. լույս է տեսել նոր գիրք

15:33 • 11.11.14

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ լույս է տեսել «Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարավորությունները» վերնագրով գիրք, որի շնորհանդեսն այսօր տեղի ունեցավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում:


Գրքի հեղինակ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Մարուքյանի խոսքով՝ բոլորովին պատահական չէ, որ 2008թ.-ից սկսվեց ուսումնասիրվել են Հայոց ցեղասպանության պատմաիրավական հանգամանքները: Եվ գիրքը լույս ընծայելու համար ստեղծված էր հիմք, այն կես տարում արված ուսումնասիրություն չէ:


«Մեր տասնամյակների անհամարձակությունը մեր հարևանին դարձրել է սանձարձակ, գոնե տարելիցին ընդառաջ պետք է համարձակ լինել»,- ասաց նա:


Գրքում ներկայացված է Թուրքիային ուղղված հայոց պահանջատիրության իրավական հիմքերը: Եվ ինչպես հեղինակը նկատեց, հայցի պատրաստումը դեռևս չի նշանակում, որ անմիջապես այն պետք է ներկայացնել դատարան. «Մինչև մենք այն իրավական ֆոնը չստեղծենք, շատ վտանգավոր է մտնել դատարան»:


Շնորհանդեսի ժամանակ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նկատեց՝ 1965 թվականից հետո Ցեղասպանության հարցում հայությունը սխալ ուղիով է ընթացել. «Թուրքերը մեզ ներքաշել են անիմաստ ճանաչման պայքարի մեջ: Եթե ներքաշվում ես մի բանավեճի մեջ, փաստորեն հայտնվում ես թուրքերի կողմից լարած այդ թակարդում»:


Պատմաբանը նաև նշեց, որ հայությունն այնքան գաղափարական առումով աճեց վերջին տասնամյակում, որ հավատաց պահանջատիրության գաղափարին: Եվ ովքեր այդ հանգամանքին քմծիծաղով էին վերաբերում, հիմա պետական մակարդակով խոսում են դրան հասնելու անհրաժեշտության մասին:


Անդրադառնալով գրքի բովանդակությանը՝ Աշոտ Մելքոնյանը կարևորեց, որ հեղինակը ներկայացնում է նաև, թե Ցեղասպանության ինչ նախադեպեր կան միջազգային պրակտիկայում, ինչը հայությանը թույլ կտա պահանջատիրությամբ հանդես գալ:


«Մենք բոլորս սկսել ենք 100-րդ տարելիցին ընդառաջ միավորվել մի գաղափարի շուրջ և դա պետք է կարողանանք պահել նաև այդ տարելիցից հետո»,-ասաց նա:


Իրավական տեսանկյունից աշխատանքը բաղկացած է երկու մասից, և ինչպես գրքի շնորհանդեսին ներկա իրավաբան Վլադիմիր Վարդանյանը նկատեց, շատ լուրջ մակարդակի իրավական հետազոտություն է ներկայացված գրքում: Առաջին հատվածը վերաբերում է անցյալին, երկրորդը՝ ապագային:


«Այսպիսով` առաջին անգամ թուրքական իրավագիտությունը բախվեց իրավիճակի, որ ուղղակիորեն հանդիպում են դատական ատյանում Հայաստանի և Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումների հարցում»,- ասաց նա և եզրափակեց խոսքը. «Դատապարտված ենք այս խնդրում ուղղակի հաղթելու»:


Վերջինիս ներկայացմամբ՝ գրքում բավական հետաքրքիր մոտեցումներ կգտնեն բոլոր այն մարդիկ, ովքեր կասկածներ ունեն Ցեղասպանության որոշ փաստերի շուրջ:


Գիրքը հրատարակվել է ՀՀ նախագահի գրասենյակի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհի շրջանակում: Այն լույս է տեսել 500 օրինակով, բայց որոշել են նաև էլեկտրոնային տարբերակը տեղադրել Երևանի պետական համալսարանի և Պատմության ինստիտուտի կայքերում:


 

 

Ցեղասպանության գործով միջազգային դատարան դիմելու հիմքերը. լույս է տեսել նոր գիրք