Վարչապետը մասնակցել է երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես-մրցույթի բացմանը

15:44 • 11.11.14

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի նկարիչների միությունում մասնակցել է երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես-մրցույթի բացմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։


Վարչապետը շրջել է ցուցասրահներով, ծանոթացել երիտասարդ ստեղծագործողների գեղանկարներին, գրաֆիկական գործերին ու քանդակներին: Ժյուրին տարբեր անվանակարգերում կընտրի լավագույն ստեղծագործությունները, որոնց հեղինակները կարժանանան մրցանակների:


Ցուցահանդես-մրցույթը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը՝ Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոների առթիվ:


Այնուհետև վարչապետ Աբրահամյանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ, ծանոթացել Հայաստանի ժողովրդական նկարիչ, Պետական մրցանակի դափնեկիր Էդուարդ Իսաբեկյանի 100-ամյակի կապակցությամբ բացված ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներին:

 

 

Վարչապետը մասնակցել է երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես-մրցույթի բացմանը