Իտալացի միանձնուհին թողարկում է իր առաջին ալբոմը
Իտալական The Voice երաժշտական նախագծում հաղթած միանձնուհի Քրիստինան նոյեմբերի 11-ին թողարկում է իր առաջին ալբոմը, գրում է РИА Новости-ն՝ տեղական ԶԼՄ-ներին հղումով։
Քույր Քրիստինան հայտնի է դարձել շոուին մասնակցելուց հետո, որից հետո պայմանագիր է կնքել Universal Music ձայնագրման ստուդիայի հետ։
26-ամյա միանձնուհու առաջին «Քույր Քրիստինա» ալբոմը բաղկացած է հայտնի կատարողների և երաժշտական խմբերի 10 երգերից։ Մասնավորապես՝ ներկայացված են երգչուհի Pink-ի Try, Մադոննայի Like a Virgin, Coldplay խմբի Fix You և Ալիշա Քիսի No One երգերը։
«Ես երբեք չէի մտածի, որ ընդամենը մի քանի ամսվա ընթացքում կհաղթեմ մրցույթում, կթողարկեմ միջազգային ալբոմ և կկարողանամ իմ ուղերձը հասցնել այդքան երկրներ»,- ասել է միանձնուհին։
Նրա կարծիքով՝ դա վկայում է այն մասին, որ Աստված օգնում է մարդկանց կարևոր գործեր անել, եթե մարդիկ վստահում են իրեն։ Երիտասարդ միանձնուհին չի բացառում նաև իր մասնակցությունն իտալական հայտնի Սան Ռեմոյի փառատոնին։










