«Ես ինչ է՝ մարմնավաճառի՞ եմ նման». Վախթանգ Կիկաբիձեն՝ ՌԴ-ում ելույթ ունենալու առաջարկների մասին
Վրացի երգիչ և կինոդերասան Վախթանգ Կիկաբիձեն արդեն երկար տարիներ հրաժարվում է Ռուսաստանում ելույթ ունենալու բազմաթիվ առաջարկներից, գրում է Обозреватель-ը։
«Ես ինչ է՝ մարմնավաճառի՞ եմ նման։ Ինչպե՞ս կարող եմ ընդունել այդ առաջարկները, եթե Թբիլիսիից 30 կմ հեռավորության վրա մետաղական պատնեշներ են»,- ասել է դերասանը՝ նկատի ունենալով սահմանը, որը բաժանում է Վրաստանն ու Հարավային Օսիան։
Արտիստը կարծում է նաև, որ Ռուսաստանը դեռ երկար ժամանակ հանգիստ չի թողնի Վրաստանը։ «Մեր քաղաքական գործիչները հրաժարվում են ընդունել, որ փորձում են կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները, սակայն զգացվում է, որ մեզ վրա կրկին սկսել են ճնշում գործադրել»,- նշել է Կիկաբիձեն։
Հայտնի դերասանը խորհուրդ է տալիս ուկրաինացիներին երկրի համար դժվարին շրջանում համախմբվել՝ ձեռք ձեռքի բռնած։ Նրա խոսքով՝ Մայդանի դեպքերն ինքն ընդունել է այնպես, կարծես այդ ամենը տեղի է ունեցել ոչ թե Կիևի կենտրոնում, այլ իր հարազատ Թբիլիսիում՝ Հանրապետության հրապարակում։
Կիկաբիձեն բազմիցս նշել է, որ միայն տարիքն է իրեն խանգարել կանգնել ուկրաինացիների կողքին Մայդանում։ «Վրացիները, ինչպես և բոլոր լավ մարդիկ, աջակցում են Ուկրաինային։ Բոլոր ուկրաինացիները պետք է ձեռք ձեռքի բռնեն այս դժվար պահին»,- ասել է դերասանը։










