Հունաստանում հայտնաբերվել է Մակեդոնացու ժամանակների չկողոպտված դամբարան
Հունաստանի հյուսիսում՝ Վերգինա քաղաքում, հայտնաբերվել է Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակաշրջանի չկողոպտված դամբարան, գրում է РИА Новости-ն։
Դամբարանը հայտնաբերել է հնագետ Անգելիկա Կատարիդին, ով գլխավորել է հնագիտական աշխատանքները հնագույն Էգի քաղաքում։ Գիտնականի խոսքով՝ տվյալ դամբարանում թաղված տղամարդը, հնարավոր է, ապրել է Ալեքսանդր Մակեդոնացու կառավարման տարիներին (մ.թ.ա. 336-323թթ.)։
Գտածոյի հիմնական արժեքը համարվում է մինչ մեր օրերը պահպանված հուղարկավորման ընծաների հավաքածուն, որոնք հետագայում կցուցադրվեն Վերգինա քաղաքի նոր թանգարանում։ Կատարիդիի խոսքով՝ տվյալ հավաքածուն յուրահատուկ է, քանի որ Էգի քաղաքի դամբարանը գրեթե ամբողջությամբ ավերվել է գալերի արշավանքների ժամանակ մ.թ.ա. 276-ին։
«Հազվադեպ ենք հնարավորություն ունենում գտնել անվնաս դամբարաններ»,- նշել է Կատարիդին։










