Ռումինական գերեզմանատան «ուրախ» տապանաքարերը (լուսանկարներ)
Գերեզմանատները, սովորաբար, ուրախ ժամանցի վայրեր չեն, քանի որ դրանք ոչ միայն հիշեցնում են մահացած հարազատի, այլև մեր մահկանացու լինելու մասին, գրում է Viral Nova-ն։
Ընդունված չէ գեղեցիկ հագնվել կամ հարդարվել գերեզմանոց գնալիս։ Սակայն Ռումինիայում գտնվող գերեզմանատներից մեկն ամեն ինչ բոլորովին այլ կերպ է անում։
«Մերլին և Ռեբեկա» ճամփորդական բլոգը բեռնել է իրենց այցելած գերեզմանատներից մեկի լուսանկարները, որտեղ մռայլ և վշտալի պատկերի փոխարեն ներկայացված է պայծառ գույներով գերեզմանոց։
Այն կոչվում է «Ուրախ գերեզմանատուն» և գտնվում է Սապինցա գյուղում։ Տեղի արվեստագետներն աշխատում են գերեզմանոցը մշտապես թարմացնել նոր գույներով և ներկել խամրած տապանաքարերը։
Նրանք ոչ միայն վառ գույներով են ներկում, այլև սեփական ձեռքերով փայտե տապանաքարեր պատրաստում, ինչպես նաև՝ խալիներ, ծածկոցներ։
Նման մոտեցումը կապված է յուրաքանչյուր հանգուցյալի որպես անհատ ներկայացնելու հետ։ Ամեն տապանաքարի վրա արտացոլվում է, թե ինչ է այդ մարդն արել կենդանության օրոք և ինչպիսի անհատական որակներ է ունեցել։ Եթե հանգուցյալը բարի է եղել, սակայն հարբեցող, այդ մասին ևս անպայման նշվում է։ Գունավոր տապանաքարերից մի քանիսը նույնիսկ ներկայացնում են, թե ինչպես է հանգուցյալն ապրել, իսկ մյուս կողմում՝ ինչպես է մահացել։


















