Հույն ուսանողներն աղբի տոպրակն ի նշան բողոքի դատարկել են փոխռեկտորի գրասեղանին (տեսանյութ)
Աթենքի պետական համալսարանի ուսանողները, դժգոհ լինելով համալսարանի մի շարք խնդիրներից, փորձել են զրուցել համալսարանի ղեկավարի՝ Թեոդորոս Ֆորտսակիսի հետ, սակայն նրանց փոխռեկտոր Անտոնիս Կալոկաիրինոսն ասել է, որ ռեկտորը տեղում չէ, քանի որ ճանապարհորդում է արտասահմանում, գրում է Greek Reporter-ը։
Վրդովված ուսանողները, կարգախոսներ բացականչելով, մուտք են գործել փոխռեկտորի աշխատասենյակ։
Նրանք բողոքել են համալսարանում տիրող իրավիճակից, մասնավորապես համալսարանի մաքրության վիճակից, ոստիկանների ներկայությունից և վերահսկողությունից, հին ուսանողների հեռացումից և էլեկտրոնային քվեարկությունից։
Ուսանողներից մեկը 5 րոպեանոց խոսք է հղել փոխռեկտորին՝ ներկայացնելով իրենց խնդիրները, ինչից հետո վերցրել է աղբի տոպրակը և դատարկել փոխռեկտորի գրասեղանին։ «Ահա թե ինչի են վերածվել հունական համալսարանները»,- ասել է նա։
Ռեկտորատն ի պատասխան հայտարարել է, որ իրենք միշտ բաց են երկխոսության և ուսանողների բողոքները լսելու համար։
Ինչ վերաբերում է համալսարանական մաքրությանը՝ ռեկտոր Ֆորսակիսն ասել է, որ երկրի կրթության նախարարությունը բավական գումար չի տրամադրում համալսարանի մաքրությունն ապահովելու համար, և նրանք ստիպված են իրենց մասնավոր ուժերով հոգալ այդ հարցը։
Ռեկտորը հայտնել է, որ նման պահվածքն «անընդունելի» է, և կողմերը պետք է պահպանեն դեմոկրատական սկզբունքները և գործեն օրենքի շրջանակներում։










