Ամերիկյան բուհը գնել է Գաբրիել Գարսիա Մարկեսի արխիվը
Կոլումբացի գրող, Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսի արխիվը գնել է ԱՄՆ Տեխաս նահանգի Օստին քաղաքում գտնվող համալսարանը, գրում է Корреспондент-ը։
Կոլումբիայի մշակույթի նախարար Մարիա Գարսեսն ափսոսանք է հայտնել այդ գործարքի կապակցությամբ և արխիվի վաճառքն անվանել է մեծ կորուստ երկրի համար։ Մինչդեռ գրողի հարազատները, ովքեր վաճառել են արխիվը, նշել են, որ Կոլումբիայի իշխանությունները Մարկեսի գրական ժառանգության կապակցությամբ իրենց ընդհանրապես չեն դիմել։
Ինստիտուտի Հարի Ռենսոնի անվան հետազոտական կենտրոնի ներկայացուցիչը հայտնել է, որ արխիվը ներառում է հեղինակի ավելի քան կեսդարյա ստեղծագործական կյանքը։ Հավաքածուում կան «Հարյուր տարվա մենություն», «Սերը ժանտախտի ժամանակ» և այլ վեպերի ձեռագրեր, ավելի քան 2.000 նամակ, Մարկեսի Նոբելյան ճառը, ինչպես նաև գրամեքենան և համակարգիչը, սևագրեր և ֆոտոալբոմներ։
Գաբրիել Գարսիա Մարկեսը մահացել է այս տարվա ապրիլին Մեքսիկայում։










