Վիոլետա Գևորգյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկո՝ Սունդուկյանի անվան թատրոնում

12:29 • 25.11.14

ՀՀ ժողովրդական արտիստուհի, պետական մրցանակների դափնեկիր Վիոլետա Գևորգյանը 70 տարեկան է, ինչի առիթով վաղը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա նրա հոբելյանական երեկոն: Հոբելյանական երեկո ներկայացումը բեմադրել է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը:


«Վիոլետը այն բացառիկներից է, որ տարիքը չի թաքցնում, քանի որ դրանք վաստակած տարիներ են: Վիոլետն ասում է ՝ «Իմ կյանքը բաժանվում է երկու մասի՝ մինչ իննսունականները և դրանից հետո: Այդտեղ կան և՛ հաճելի, և՛ ոչ հաճելի տարիներ, ստեղծագործական բերկրանքի ու ստիպված պարապուրդի շրջան: Հոբելյանական երեկոյի ընթացքում Վիոլետը հանդես է գալու իր լավագույն դերերով և մենախոսությամբ»,-ասաց Վահե Շահվերդյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսին:


Վիոլետա Գևորգյանը նշեց, որ երբ դերասանը չի աշխատում երկար ժամանակ նրա ստեղծագործական աշխատանքը տուժում է:


«Ես սովոր էի շուրջ 22 տարի ապրել թատրոնի կյանքով, մի օր որ ներկայացում չէի ունենում, հիվանդանում էի: Թատրոնը իմ կյանքն էր, որից զրկվեցի 1988-ին: Ես չէի պատկերացում, որ կապրեմ, բայց ապրում եմ ու տեսքս էլ բավական լավն է, իսկ թե ինչ է կատարվում իմ ներսում, միայն Աստված գիտի»,-ասաց նա:


Հարցին, թե հետևո՞ւմ է՝ հայկական թատերական աշխարհի անցուդարձին, Վիոլետա Գևորգյանը պատասխանեց, որ ոչ՝ բացատելով, որ նյարդայնանում է:


«Ես ներվայանում եմ, որ մեջը չկամ, այո, նախանձում եմ ու նախանձում եմ նաև ռուսներին, որովհետև իրենք իրենց դերասանուհուն կպահեին երկրում ու կասեին՝ «наша великая актриса»»,-ասաց նա:


Հարցին, թե այդ դեպքում ինչու չի գալիս և ապրում ու ստեղծագործում հայրենիքում, պատասխանեց, որ իրեն չեն հրավիրում: Իսկ թե ո՞ւմ հրավերքին է սպասում, Վիոլետ Գևորգյանը նշեց, որ հենց մեկը՝ իր կողքին նստած Վահե Շահվերդյանի, ով երկար տարիներ ղեկավարել է Սունդուկյանի անվան թատրոնը:


«Չի ասում՝ արի՝ էս կտամ, էն կտամ, ես էլ թոշակ եմ ստանում ԱՄՆ-ում, իմ համար ապրում եմ»,-ասաց նա:


Վահե Շահվերդյանն էլ արձագանքեց. «Չեմ հրավիրել, որովհետև Վիոլետային այդքան լավ չգիտեի, ես չէի գտնում դրա անհրաժեշտությունը, հիմա ոչ միայն ես, այլ նաև բազմաթիվ թատրոններ գտնում են դրա անհրաժեշտությունը, և բայց հիմա էլ ինքը չի գտնում դրա անհրաժեշտությունը»։

 


 

Վիոլետա Գևորգյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկո՝ Սունդուկյանի անվան թատրոնում