Նախիջևանի տարածքում հայկական հուշարձաններ այլևս գոյություն չունեն, բացի ուրարտական հայտնի սեպագրից. հայագետ-նախիջևանագետ
Նախիջևանի տարածքում հայկական հուշարձաններ այլևս գոյություն չունեն, այն, ինչ հրատարակվել է մինչ Ջուղայի խաչքարերի վերջնական վանդալիզմը, բազմահազար նկարներով, ցավոք միայն աղբյուրագիտական նշանակությունն ունի. այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց հայագետ-նախիջևանագետ Արգամ Այվազյանը։
Նա ասուլիսն էր եկել՝ ներկայացնելու Նախիջևանում հայտնաբերված ուրարտական սեպագրերի մասին պատմող իր աշխատությունը. բանախոսը հայտարարեց, որ դա թերևս միակ սեպագիրն է, որ Ադրբեջանում դեռևս ոչնչացման չի ենթարկվել:
«Սեպագիրը բարեբախտաբար առայժմ անվնաս է, որը գտնվում է Վիշապաքաղ լեռան գագաթին»,-ասաց նա և նշեց, որ Նախիջևանում դրանից բացի ոչ մի վանք, եկեղեցի, գոյություն չունի:
«Նախիջևանում աննախադեպ վանդալիզմ էր, եկեղեցին պայթեցրին, խաչքարերը ավազահատիկ սարքեցին, լցրեցին Արաքսը, սա մարդկային պատմության մեջ աննախադեպ է»,-ասաց նա:
Մասնագետը նշեց, որ Նախիջևանի տարածքում Ադրբեջանը «մասնագետների» խումբ է ուղարկել, ովքեր ուսումնասիրում են Նախիջևանի պատմական տարածքը, ինչն ըստ նրա արդեն սարսափ է բոլորի համար։
«Նրանց աշխատանքը ոչ թե գիտական է, այլ նպատակ ունի հայկական հետքերը հեռացնել հուշարձաններից»,-ասաց նա և նշեց, որ չնայած դրան, իհարկե, չեն կարող թաքցնել այն փաստը, որը տարածքը հայկական է, ինչի մասին պատմում են գիտական աշխատանքները:
Արգամ Այվազյանի խոսքով՝ հայկական մշակութային արժեքների պահպանության ու քարոզչության հարցում հայկական կողմը պասիվ է պետականորեն:
«Նույնիսկ չկարողացանք ՅՈՒՆԵՍԿՈ-ի միջոցով Ադրբեջանին դրա համար պատասխանատվության ենթարկել: Պետական մակարդակով այս խնդիրները պետք է բարձրացնել, ինչքա՞ն կարելի է անձնական ջանքերով փորձել այս խնդիրների վրա ուշադրություն հրավիրել: Սա միայն անձի խնդիր չէ»,-ասաց նա և նշեց, թե հայկական մշակույթն են սեփականացնում: Նա անդրադարձավ Թուրքիայի ու Ադրբեջանի հերթական փորձին՝ լավաշը ՅՈՒՆԵՍԿՈ-ին ներկայացել որպես սեփական մշակութային արժեք:
Նախիջևանում հայտնաբերված ուրարտական սեպագրերի մասին պատմող աշխատությունում հրապարակվել են 100-ի հասնող նկարներ և շրջակա հայկական բնակավայրերի հուշարձաների պատկերներ: Ըստ նրա՝ Վիշապասարը հայագիտության առջև բացեց նոր գաղտնիքներ՝ 89-ին հայտնաբերված ուրարտական սեպագիրը, որն ամենահինն է գտնվածներից՝ Ք.Ա 820-ականների:
Արգամ Այվազյանը նաև ներկայացրեց իր «Քյոթահիայի հախճապակին» գիրքը, որը նվիրված էր Կոմիտաս վարդապետին, քանի որ Կոմիտասի պապերն էլ են եղել Քյոթահիայից: Ըստ նրա՝ հախճապակիների հավաքածուների հիմնական մասը Հունաստանում է:










