Լավաշը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում

18:58 • 26.11.14

Նոյեմբերի 26-ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստին որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացված «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսեւորումները Հայաստանում» հայտը: Այս մասին հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից:


2013թ. ներկայացված հայտն անցել է կոնվենցիայով սահմանված ընթացակարգային փուլերը` ստանալով փորձագիտական դրական եզրակացություն։


Այսպիսով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկը համալրվեց հայկական ևս մեկ` չորրորդ մշակութային արժեքով:


Հայտը պատրաստվել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի կողմից։


«Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» հայտին կարելի է ծանոթանալ http://www.unesco.org/culture/ich/index.php?lg=en&pg=00559 հղումով։


 

 

Լավաշը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում