Եգիպտոսում հայտնաբերվել է ազնվական կնոջ՝ ամբողջությամբ պահպանված դամբարան (լուսանկարներ)
Իսպանացի հնագետները, ովքեր պեղումներ են իրականացրել Լուքսորում Թութմոս Երրորդ փարավոնի տաճարի մոտակայքում, հայտնաբերել են ազնվական կնոջ՝ ամբողջությամբ պահպանված դամբարան (մ.թ.ա. 22-18-րդ դար), հայտնում է newsru.com-ը։
Հայտնագործությունը մեծ գիտական նշանակություն ունի, քանի որ մինչ օրս չափազանց քիչ դամբարաններ են հայտնաբերվել, որոնք պահպանվել են նախնական տեսքով։ Գողերից դամբարանը փրկել է նկուղի քանդված տանիքը։
Մաքրելով ավերակները՝ հնագետները հայտնաբերել են սարկոֆագ, որում գտնվել է կնոջ մումիա։ Նրա պարանոցին եղել է կիսաթանկարժեք քարերով զարդարված ոսկե վզնոց։ Ձեռքերին եղել են պարուրաձև ապարանջաններ, իսկ ոտքերին՝ արծաթե ապարանջաններ։
Գիտնականները պարզել են, որ կինը, ում արդեն անվանել են «թանկարժեք զարդերով տիկին», եղել է մոտ 30 տարեկան։ Զարդերը նա կրել է առօրյա կյանքում։ Ոսկին հիանալի պահպանվել է, սակայն արծաթը լրջորեն վնասվել է։
«Այս յուրահատուկ գտածոն ապացուցում է, որ այս վայրը եղել է ազնվական ընտանիքների հուղարկավորման վայր։ Մենք հույս ունենք, որ պեղումների ընթացքում կհայտնաբերվեն ևս շատ նմուշներ»,- ասել է իսպանական հնագիտական արշավախմբի ղեկավար Միրյամ Սեկոն։














