Պակիստանցի հայտնի դերասանուհուն մեղադրել են աստվածահայհոյության մեջ և դատապարտել 26 տարվա ազատազրկման
Պակիստանցի հայտնի դերասանուհի Վինա Մալիկին դատապարտել են 26 տարվա ազատազրկման աստվածահայհոյության մեղադրանքով՝ հեռուստատեսային հարսանիքում հայտնվելուց հետո:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` Վինա Մալիկը նկարահանվել է բեմադրված ամուսնության արարողության մեջ՝ առավոտյան շոուի ժամանակ, երբ երաժիշտները երգ են ներկայացրել Մուհամեդ մարգարեի դստեր հարսանիքի մասին:
Մալիկի ամուսին Ասադ Բաշիր Խանը և երկրի խոշորագույն մեդիախմբի ղեկավար Միր Շաքիլ-ուր-Ռահմանը ևս ազատազրկման են դատապարտվել 26 տարով:
Մալիկը, ով վերջերս է լույս աշխարհ բերել որդուն, խոսել է իր բարկության մասին` չհավատալով, որ Պակիստանի հակաահաբեկչական դատարանը նման վճիռ է կայացրել:
Հաղորդվում է, որ Վինա Մալիկն ու ամուսինն արտասահմանում են, և եթե չհանձնվեն, Պակիստանում նրանց ունեցվածքը կբռնագրավվի:















