Դրանք մաքուր, ազնիվ գործեր են. չարենցագետը՝ Չարենցի էրոտիկ բանաստեղծությունների մասին (տեսանյութեր)

13:22 • 27.11.14

Գրականագետ Դավիթ Գասպարյանը Եղիշե Չարենցի մեծությունը համեմատում է Արարատի մեծության հետ և նշում, որ եթե Չարենցը չլիներ փոքր ազգի ներկայացուցիչ՝ նրա անունը կհնչեր ինչպես Մայակովսկու կամ Լորկայի անունն է համաշխարհային գրականության մեջ հնչում։


Այսօր նոյեմբերի 27-ին Չարենցի հիշատակի օրը հրավիրված ասուլիսին գրականագետը խոսեց Չարենցի թողած ժառանգության ու անտիպ էջերի մասին, ինչպես նաև իր կողմից հրատարակած «Գիրք մնացորդաց» անտիպ ժառանգության մասին, որը Չարենցի դստեր՝ Անահիտ Չարենցի կողմից արգելանքի տակ է դրվել։


«Այսօր էլ կան Չարենցի ժառանգության անհայտ էջեր, որոնք գտնվում են մասնավոր անձանց մոտ և տպագրված չեն։ Ժամանակին տպագրվածները՝ 1962-68թթ., 6 հատոր են կազմում, իսկ արդեն անտիպ ժառանգությունը լրացրել են երեք գիրք. 1983թ-ին լույս է տեսել Անահիտ Չարենցի «Անտիպ և չհրատարակված երկեր» գիրքը, 1996թ-ին լույս տեսավ իմ կազմած «Նորահայտ էջեր» գիրքը, որը բերում է շուրջ 400 նոր վավերագրեր՝ բանաստեղծություն, պոեմներ և այլն, և 2012թ-ին լույս տեսավ իմ կազմած «Գիրք մնացորդաց» անտիպ ժառանգությունը, որն առ այսօր կալանքի տակ է»,-ասաց նա։


Դավիթ Գասպարյանը շեշտեց՝ Չարենցը բացարձակ հանճար էր. «Չարենցն իր մեջ զարմանալի էր, միանգամից իր մեջ ներմուծեց այն ամբողջ հոգևոր մագման, որ գալիս էր 5-րդ դարի Խորենացուց ու հասնում էր մինչև Թումանյան և Տերյան։ Նա նաև շատ արագ յուրացրեց ամբողջ համաշխարհային քաղաքակրթությունը և անհատականությունը ժամանակի մեջ ստեղծեց ամենաբարձր ձևերով»:


Գրականագետը Չարենցին իր գրքերից մեկում վերնագրել է՝ «Հայոց բանաստեղծության մայրաքաղաքը». «Այդ հայոց բանաստեղծության մայրաքաղաքը հենց Չարենցն էր»։


Անդրադառնալով կալանքի տակ գտնվող անտիպ ժառանգությանը, որն իր դեպ իր հետ բերել էր և հասցրեց դրանցից մի քանիսն ընթերցել և պատասխանելով այն հարցին, թե արգելքի պատճառը հիմնավորվա՞ծ էր՝ որպես էրոտիկ բնույթ ունեցող գործեր, Դավիթ Գասպարյանը հաստատեց, բայց նշեց, որ դրա բացատրությունն աղջկա կողմից բացարձակ անհիմն է։


«Այո, էրոտիկ բնույթի են, մի վախեցեք դրա մասին ասել, դրանք էնքան մաքուր, ազնիվ գործեր են»,-նշեց նա և հղում կատարեց Չարենցի աշխատությունում գտած մի թղթի, որով Չարենցը պատվիրում էր՝ ինչ էլ լինի, իր այդ ստեղծագործությունները չոչնչացնել։


Չնայած մի գրառում էր կար, որտեղ նա գրել էր. «Արո՛ւս, պատռի այդ գրվածները, հանկարծ որևէ մեկի ձեռքը չընկնի»։ Ըստ նրա, պահպանելու ամենապարզ ձևը 500 օրինակ ձևական տպագրելն է, ինչն էլ ինքը պետպատվերով հրապարակել է, ինչից հետո աղջիկն աղմկել է և ողջ օրինակները հավաքել և պահ տվել Չարենցի թանգարանում։


Չարենցագետի խոսքով, եթե հնարավորություն ունենա, գիրքը նույնությամբ կհրատարակի իր միջոցներով, իսկ այս անգամ չի կարողացել «տեր կանգնել», որովհետև պետական միջոցներով էր հրատարակվել։


Նա նշեց, որ 430 էջ ունեցող այդ գիրքը շատ բան է ասում և գիրքը գալիս է լրացնելու Չարենցի ժառանգությունը՝ 10 նոր պոեմներ, բանաստեղծություն, նամակներ։

 

 

 



 


 

Դրանք մաքուր, ազնիվ գործեր են. չարենցագետը՝ Չարենցի էրոտիկ բանաստեղծությունների մասին (տեսանյութեր)