Անջելինա Ջոլին խոստովանել է, որ «տանջել» է իր դերասաններին նկարահանումների ընթացքում
Հոլիվուդյան հանրահայտ դերասանուհի և ռեժիսոր Անջելինա Ջոլին ամերիկյան DuJour ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է, որ մտադիր է ավարտել դերասանական կարիերան, փոխանցում է segodnya.ua-ն։
Ջոլիի խոսքով՝ վերջին շրջանում ինքն իրեն ավելի երջանիկ է զգում՝ գտնվելով ռեժիսորական աթոռին։ «Ես միշտ էլ անհարմար եմ զգացել տեսախցիկի առաջ։ Նախկինում ես մտածել էլ չէի կարող, որ կարող եմ զբաղվել ռեժիսորական գործունեությամբ, սակայն եթե ինձ մոտ ստացվում է, ապա ինչո՞ւ չկենտրոնանալ դրա վրա։ Ես պատրաստ եմ հրաժարվել դերասանական կարիերայից»,- ասել է Ջոլին։
Դերասանուհին նշել է, որ «Անկոտրումը» ֆիլմի նկարահանումների ժամանակ ստիպված է եղել դերասաններին դնել ծայրահեղ ծանր պայմաններում։
«Բոլոր դերասանները ստիպված էին խիստ դիետա պահել, նույնիսկ զանգվածային տեսարանների դերասանները։ Եղել են օրեր, երբ դերասանները կանգնած են եղել այրող արևի տակ։ Լինելով մայր՝ ես ուզում էի նրանց ջուր տալ և թույլ տալ հանգստանալ, սակայն ես դա չէի կարող անել, քանի որ նաև ռեժիսոր էի»,- անկեղծացել է Ջոլին։










