Եթե ես գնայի, ապա այնտեղ անպայման հակառուսական ակցիա տեղի կունենար. Իգոր Մուրադյան

13:57 • 02.02.15

Բերձորում հունվարի 31-ին Հիմնադիր խորհրդարանի կազմակերպած ավտոերթի ժամանակ տեղի ունեցած միջադեպը իշխանության կողմից կազմակերպված ներկայացում էր, որի հանդիսատեսը ռուսն է: Այսօր «Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Իգոր Մուրադյանը՝ ավելացնելով, որ եթե ինքը գնար Լեռնային Ղարաբաղ, ապա այնտեղ անպայման հակառուսական ակցիա տեղի կունենար: 


Իգոր Մուրադյանը միաժամանակ ընդգծեց, թե պարզ էր, որ իրենք 160 հոգով չէին կարող հեղափոխություն անել։ Այդ դեպքում ինչո՞ւ էր պետք ակցիայի մասնակիցներին ծեծի ենթարկել հարցին, նա պատասխանեց. «Ղարաբաղը խնդիր ունի, որի մասին նրա իշխանությունները շատ փոքր պատկերացում ունեն, բայց արդեն գլխի են ընկնում: Խնդիրն այն է, որ այնտեղ պետք է ապահովվի ռուսական զորքերի մուտքը: Նպատակը սա է ու նրանք կես ճանապարհին են: Եվ սա է պատճառը, որ այդ տարածքը պետք է ազատված լինի ոչ ստանդարտ մարդկանցից ու մտածելակերպից»:


Նրա խոսքով՝ արվում է ամեն ինչ, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ամեն ինչ ընթանա ըստ նախապես մշակված պլանի, որևէ անակնկալ բան չպետք է տեղի ունենա։


«Մոտ տասը տարի առաջ ռուսները զգուշանում էին այդ անակնկալ բաներից, այժմ նրանք գրեթե չեն մտահոգվում ... Իսկ եթե ես եմ գնում, ես հենց այնպես ոչ մի տեղ չեմ գնում, ես չպետք է գնայի, այդ մտահղացումն ավելի ուշ եմ ունեցել՝ վերջին օրը ... եթե ես գնայի, ապա այնտեղ անպայման հակառուսական ակցիա տեղի կունենար։ Հենց դրանից էլ վախենում էին տեղական իշխանությունները։ Դրանում վստահ եմ, քանի որ այլ պատճառ չկա»,– ասաց նա։


Իգոր Մուրադյանը նաև չհամաձայնեց ասուլիսին մասնակցող «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանի դիտարկմանը, թե խոսքը չի վերաբերում ռուս ժողովրդին, այլ իշխանությանը. «Ռուս հասարակությունը տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ իր դիրքորոշումը չի հայտնում, անտարբեր է: Այդ նույն ռուսները շատ հանգիստ Ադրբեջանին զենք են վաճառում, որը հետո աշխատելու է մեր ուղղությամբ»,-ասաց նա: