Սիսիանում հնդկական ընկերությունը կիրականացնի էլցանցերի նոր ենթակառուցվածքների շինարարությունը (լուսանկարներ)
Հայաստանի հարավում՝ Սիսիանի տարածաշրջանում արդեն սկսվել է Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի էներգամատակարարման նոր ենթակառուցվածքների շինարարությունը: Համաշխարհային Բանկի ֆինանսավորմամբ իրականացվող այս ծրագրի շրջանակներում կվերակառուցվեն «Հրազդանի ՋԷԿ-ը» «Շինուհայր 220կՎ» ենթակայանին միացնող «Նորադուս», «Լիճք, «Վարդենիս», «Վայք և «Որոտան-1 220 կՎ» 225,5 կմ երկարությամբ էլեկտրահաղորդման օդային գծերն ու 725 հենարանները:
Այս մասին հայտնում են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից։
Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային Բանկի հատկացրած վարկով՝ տարեկան 1,85% տոկոսադրույքով ու 25 տարի մարման ժամկետով, որից 10 տարին արտոնյալ: Աշխատանքների գլխավոր կապալառուն հնդկական «Կալպատառու Փաուեր Թրանսմիշն» ընկերությունն է /պայմանագրի գումարը՝ 27,5 մլն. ԱՄՆ դոլար/, պայմանագրի ժամկետի ավարտը նախատեսված է 2016 թվականի մարտին:
«Նորադուս», «Լիճք», «Վարդենիս», «Վայք և «Որոտան-1 220 կՎ» օդային գծերը հանդիսանում են էլեկտրահաղորդման ցանցի հիմնական օղակներից մեկը: Դրանք միացնում են էլեկտրաէներգիա արտադրող հիմնական կենտրոնները՝ «Հրազդանի ՋԷԿ-ը» և «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր»-ը, և միաժամանակ էլեկտրաէներգիայով են ապահովում հանրապետության կենտրոնական-արևելյան շրջանների սպառողներին:
«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրեն Արամ Անանյանի խոսքով՝ իրականացվող ծրագրի արդյունքում կբարձրանա «Կամո», «Լիճք», «Եղեգնաձոր» ենթակայաններից սնվող սպառողների էլեկտրամատակարարման հուսալիությունը, կավելանա էներգահամակարգի կայունությունը, կմեծանա էլեկտրահաղորդման գծերի թողունակությունը և հուսալիությունը Իրանական համակարգի հետ զուգահեռ աշխատանքի ժամանակ: Դրանից բացի՝ զգալիորեն կնվազեն էլեկտրաէներգիայի կորուստները նշված գծերում:
«Այսօրվա դրությամբ ձեռք են բերվել 190 համայնքային, 41 պետական ու մասնավոր սեփականության հողեր, ընդհանուրը՝ 231 հողակտոր: Կատարվել է հողանջատում 152 համայնքային և պետական հողերի համար: Արդեն կնքվել են համապատասխան պայմանագրեր ենթակապալառուների հետ: Կատարվել են 9 հենարանների հիմքերի տեղակայում և գործարանային պատրաստման եղանակով արտադրվել են 43 հենարանների հիմքեր,-ասել է Արամ Անանյանը,-յուրաքանչյուր օր պետք է կառուցվի 2 հենարան՝ ծրագիրը ժամանակին ավարտելու համար, այնպես որ հնդիկ շինարարները հապաղելու ժամանակ չունեն»:
Հնդկական «Փաուեր Թրանսմիշն» ընկերության ներկայացուցիչ Դհավալ Սուլեի խոսքով՝ իրենց ընկերությունը էլեկտրահաղորդման գծերի մոնտաժային աշխատանքի մեծ փորձ ունի և համարվում է այդ ոլորտի լավագույններից մեկը:
50 տարվա աշխատանքային փորձ ունեցող ընկերությունն ավելի քան 25 երկրներում էլեկտրահաղորդման գծերի կառուցման շինաշխատանքներ է իրականացրել:
Հայաստանում առաջին անգամ են աշխատում, բայց Դհավալ Սուլեի հավաստմամբ՝ իրենք բարձր լեռնային գոտիներում աշխատելու փորձ են ձեռք բերել Ուրուգվայում, ուստի Հայաստանի լեռներում առանձնապես մեծ դժվարությունների առաջ չեն կանգնում:
«Մարտին Սիսիան կժամանի հնդիկ շինարարների մի խումբ ևս: Ընդհանուր առմամբ շինարարությանը կմասնակցեն մոտ 300 հնդիկներ: Չնայած բնակլիմայական պայմանների դժվարություններին մենք անելու ենք ամեն ինչ՝ ծրագիրը նախանշված ժամանակում ավարտելու համար»,- ասել է Դհավալ Սուլեն:
«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրեն Արամ Անանյանի տեղեկացմամբ՝ «Էլեկտրամատակարարման հուսալիություն» ծրագրի շրջանակներում վերակառուցվելու են նաև էներգահամակարգի կարևոր երկու՝ «Շինուհայր» և «Հրազդան» ենթակայանները, որոնք մաշվածության ու քայքայման հետևանքով այսօր լիարժեք չի կարողանում իրականացնել իր գործառույթները:
«Շինուհայր ենթակայանը սպասարկում է ամբողջ տարածաշրջանը, այստեղից էլեկտրամատակարարումը շարունակվում է դեպի Մեղրի, որտեղից էլ հասնում է Իրան: Այսինքն, ենթակայանը շատ կարևոր գործառույթ է իրականացնում և դրա վերակառուցումն ու արդիականացումը հրատապ է: Վերակառուցման ծրագրով ենթակայանը կհզորացվի, սարքավորումները կնորացվեն ու կավտոմատացվեն՝ համապատասխանեցվելով ժամանակակից չափորոշիչներին: Արդյունքում կունենանք 400 ԿՎ հզորությամբ ենթակայան, որպիսին Հայաստանում դեռևս չկա»,-ասել է Արամ Անանյանը:












