Հեռաբժշկության ցանցի ստեղծման համար Հայաստան է ժամանել մասնագետների խումբ

20:50 • 02.03.15

Հեռաբժշկության ցանցի ստեղծման առաջին աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստան է ժամանել  տեխնիկական մասնագետների  խումբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը։

Հայաստանի և Հնդկաստանի միջև կնքված պայմանագրի համաձայն` Հնդկաստանի աջակցությամբ Երևանի մեկ և մարզային 9 բժշկական կենտրոններին կհատկացվեն հեռաբժշկության ժամանակակից տեխնիկական սարքավորումներ:


Դա հնարավորություն կստեղծի այդ հիվանդանոցների և Հնդկաստանի, ինչպես նաև` այլ երկրների առաջատար բժշկական հաստատությունների միջև կազմակերպել մասնագիտական խորհրդատվություն, փորձի և գիտելիքների փոխանակում, ինչը կբարձրացնի հիվանդությունների ախտորոշման և բուժման մակարդակը:


Հեռաբժշկության ցանցի ստեղծումը միաժամանակ կնպաստի բժշկական կազմակերպությունների մասնագետների միջև գիտակրթական կապի հաստատմանը:  Հնդկական կողմի աջակցությամբ Հայաստանի բժիշկների, բուժքույրերի, հեռաբժշկության ոլորտում տեխնիկական աշխատողների համար կկազմակերպվեն նաև շարունակական զարգացմանն ուղղված կրթական ծրագրեր: Հեռաբժշկության զարգացման գործում Հնդկաստանը մեծ փորձ ունի և այդ երկրի աջակցությունը խիստ օգտակար կլինի մարզային բժշկական կենտրոնների աշխատանքի բարելավման, ինչպես նաև հայ մասնագետների որակավորման բարձրացման ուղղությամբ: Ծրագրի իրականացումը կարևոր է նաև մարզերից դեպի մայրաքաղաք հիվանդների հոսքը կանխելու  տեսանկյունից:


Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև հեռաբժշկության ցանց ստեղծելու մասին» փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել էր  2014թ. հունիսին: