Անջատողականների կողմից Մինսկի համաձայնագրի խախտումը հետևանքներ կունենա ՌԴ տնտեսության համար. Քերի

17:39 • 02.03.15

Անջատողականների կողմից Մինսկի համաձայնությունների պայմանների խախտումը ՌԴ տնտեսության համար հետևանքներ կունենա: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքներով, հաղորդում է ТАСС-ը:

 

«Հանդիպմանը ես ընդգծել եմ Ռուսաստանի և անջատողականների առաջնորդների կողմից Մինսկի համաձայնագրերի պահպանման կարևորությունը, այդ թվում՝ Դեբալցևոյում և Մարիուպոլում։ Եթե դա տեղի չունենա, եթե դրանք իրականացվեն միայն մասամբ և եթե ԵԱՀԿ-ին չտրամադրվի գործողությունների ամբողջական ազատություն, դա անշուշտ իր հետագա հետևանքները կունենա առանց այդ էլ տատանումների մեջ հայտնված Ռուսաստանի տնտեսության համար»,- ասել է նա:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ժնևում կայացել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը:

 

Հանդիպումից հետո Քերին Twitter սոցիալական ցանցում գրել է. «Քիչ առաջ հանդիպում եմ ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ՝ Ուկրաինայի, Սիրիայի և Իրանի հարցով անկեղծ քննարկումների նպատակով»: