Պաշտոնից հեռացել է աշխարհի ամենաաղքատ նախագահը՝ Ուրուգվայի առաջնորդ Խոսե Մուխիկան

21:45 • 02.03.15

Ավարտին է մոտեցել աշխարհում ամենամեծ ժողովրդականություն վայելող առաջնորդներից մեկի՝ Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկայի պաշտոնավարման ժամկետը: Այս մասին տեղեկացնում է Russia Today-ը:

 

Նա թողել է պաշտոնը հնգամյա պաշտոնավարումից հետո: Այս ընթացքում նրան հաջողվել էր երկիրը գյուղատնտեսական պետությունից վերածել էներգաարտահանող երկրի, բարձրացնել տնտեսությունը, նվազեցնել պետական պարտքը, ինչպես նաև՝ նվազեցնել աղքատությունը:

 

Հանդես գալով որպես Լատինական Ամերիկայի առաջադեմ առաջնորդ՝ նա օրինականացրել էր մարիխուանան, աբորտները, միասեռ ամուսնությունները, համաձայնել իր երկրում ընդունել Գուանտանամոյի բանտի նախկին կալանավորներից մի քանիսին: Իր համեստ ապրելակերպով ու աշխատավարձի մեծ մասը բարեգործության տրամադրող Մուխիկան մամուլում հայտնի էր դարձել «աշխարհի ամենահամեստ նախագահ» որակումով: Նրան անվանում էին նաև «նախագահ, որի նմանը կցանկանար ունենալ յուրաքանչյուր երկիր»:

 

Ուրուգվայի Սահմանադրության համաձայն՝ 79-ամյա Մուխիկան չի կարող երկրորդ ժամկետն անցկացնել նույն պաշտոնում: