Ավստրալիան 300 զինծառայող կուղարկի Իրաք՝ «Իսլամական պետության» դեմ պայքարին աջակցելու համար

10:14 • 03.03.15

Ավստրալիան 300 զինծառայող կուղարկի Իրաք՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող իրաքյան զորքերին մարզելու համար:

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը հայտարարել է, թե այդ քայլն արվել է ի պատասխան ԱՄՆ-ի՝ միջազգային կոալիցիային աջակցելու խնդրանքին:

 

Անցյալ տարի Ավստրալիան արդեն Իրաք էր ուղարկել  600 զինծառայողի՝ ռազմական ավիացիայի 400 մասնագետի և հատուկ նշանակության զորքերի 200 զինծառայողի:

 

Միջազգային կոալիցիա ստեղծելու որոշումը ջիհադիստների դեմ պայքարի համար կայացվել էր ՆԱՏՕ-ի ուելսյան գագաթաժողովի ընթացքում՝ սեպտեմբերի 5-ին:

 

«Իրաքի վարչապետն աջակցում է մեր կառավարության որոշմանը, քանի որ այն համապատասխանում է ԱՄՆ-ի խնդրանքին՝ միջազգային կոալիցիային ավստրալական պաշտպանական ուժերի կողմից աջակցելու վերաբերյալ»,-ասել է Էբոթը:

 

Հաղորդվում է, որ ավստրալացի զինծառայողները կմեկնեն Թաջի քաղաք, որը գտնվում է մայրաքաղաք Բաղդադից հյուսիս-արևմուտք և որտեղ արդեն 140 նորզելանդացի զինծառայող է տեղակայվել: